Հայաստանում պետք է բացեն քարտեզը և հասկանան սեփական շահերը. Զախարովան՝ Հայաստան-ՆԱՏՕ մերձեցման մասին

Ռուսաստանը գտնում է, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման գնալիս Հայաստանը պետք է առաջնորդվի երկարաժամկետ շահերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության խոսնակը։  

Մարիա Զախարովային խնդրել են մեկնաբանել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝ «Արմենպրես»-ին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած այն միտքը, որ Հայաստանը որոշել է քաղաքականապես և գործնականում ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը։

«Եթե ​​ինչ-որ մեկը ցանկանում է մերձեցում, ապա պետք է հասկանա, թե որքանով է դա վտանգավոր և ինչ հետևանքների կհանգեցնի: Մենք արդեն տեսել ենք, թե ինչի է հանգեցնում ՆԱՏՕ-ի մերձեցումը շատ երկրների համար՝ հակամարտություններում ներգրավվածություն, ինքնիշխանության և անկախության կորուստ, ուրիշի պլանավորումներին կամքի ենթարկեցում՝ բառի բոլոր իմաստներով և բոլոր ոլորտներում, և ամենակարևորը՝ սեփական ազգային շահերն իրացնելու հնարավորության բացակայություն», – ասել է Զախարովան։

Պաշտոնյան նշել է, որ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Հայաստանը, պետք է վերլուծեն իրենց ազգային շահերը, բացեն քարտեզը և տեսնեն, թե «ո՛ր տարածաշրջանում և ինչ հարևանների միջև» են գտնվում։

Զախարովան նշել է, որ ինքնիշխան երկրները կարող են սեփական որոշումներ կայացնել, թե ում հետ են ցանկանում մերձենալ, սակայն պետք է հաշվի առնել՝ արդյոք դա ենթադրում է տարածաշրջանի երկրների, հարևանների հետ հարաբերությունների խզում։

«Հարկավոր է այս ամենը վերլուծել և հասկանալ, թե որոնք են բուն Հայաստանի ազգային շահերը, որն է ձեռնտու, որն է կարճաժամկետ օգուտ բերում, որը՝ միջնաժամկետ, որը՝ երկարաժամկետ, և հիմնվել սրա վրա, ոչ թե խոստումների», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովայի համոզմամբ՝ «արևմուտքում բոլորին խոստանում են»  ինչ-որ բաներ, սակայն այդ խոստումները «երբեք չեն իրագործվում»։