Դատարանը բավարարել է «Նորքի զինված խմբի» գործով ամբաստանյալի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի և Ոստիկանության․ Factor.am

Վարչական դատարանը բավարարել է «Նորքի զինված խմբի» գործով անցնող ամբաստանյալ Արթուր Վարդանյանի հայցն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության։ Վարդանյանը պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել 2015 թվականին ԱԱԾ-ի ու ոստիկանության կողմից իր անձնական տվյալները տեսանյութի միջոցով հրապարակելը։

Այս մասին Factor.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Ըստ հայցադիմումի՝ տեսանյութի հրապարակումից և մեծ տարածում գտնելուց հետո Արթուր Վարդանյանը հանրության կողմից ընկալվել է որպես ենթադրյալ «ահաբեկիչ»:

«Տեսագրության մեջ հայցվորի դեմքը տեխնիկական միջոցներով չփակելով՝ նրան կիսամերկ զանգվածային լրատվության միջոցներով ցուցադրելը և, ի տարբերություն մյուս կասկածյալների, հագնվել թույլ չտալը, խախտել է Վարդանյանի պատվի և արժանապատվության իրավունքը»,- նշված է հայցադիմումում:

ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, դատարան ներկայացրած գրավոր դիրքորոշմամբ հայտնել է, որ հայցվորի կողմից չի ներկայացվել ապացույց, որով կհիմնավորվեր, թե ՀՀ ոստիկանության կողմից հայցվորի վերաբերյալ հրապարակվել է որևէ տեսանյութ:

Մյուս պատասխանող կողմ հանդիսացող Ազգային անվտանգության ծառայությունը հայցադիմումին չի պատասխանել։ Վարչական դատարանը՝ դատավոր Միքայել Մելքումյանի նախագահությամբ, որոշում է կայացրել ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից Արթուր Վարդանյանի անձնական տվյալների հրապարակումը և հօգուտ նրա՝ կառույցներից բռնագանձել 4.360 ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ Արթուր Վարդանյանին, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին: Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանում իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ, ըստ ԱԱԾ-ի հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թվականի նոյեմբերի 25-ին վնասազերծվել են»։

Վերը նշված դեպքի առթիվ հաղորդագրությանը զուգահեռ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը նաև տեսանյութեր են հրապարակել, որոնք տարածվել են զանգվածային լրատվության միջոցներով։