Խորհուրդ կտայի ՀՀ իշխանություններին ավելի զուսպ լինել և ծայրահեղ գնահատականներ չհնչեցնել, այդ ամենի անտեսումը կարող է մեզ վրա շատ թանկ նստել. Սասունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

– Պարո՛ն Սասունյան, ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է զեկույց, որում անդրադարձել է Հայաստանում դատական համակարգին՝ նշելով, որ դատավորների կոռուպցիան շարունակում է մտահոգիչ մնալ։ Ինչպե՞ս եք գնահատում պետքարտուղարության զեկույցը։

– Որևէ զարմանալի բան չկա, ԱՄՆ պետքարտուղարությունն ամեն տարի հրապարակում է իր տարեկան զեկույցը բոլոր երկրների մարդու իրավունքների խնդիրների մասին և ցույց է տալիս իրական գնահատականը՝ անկախ քաղաքականությունից, անկախ այն հանգամանքից, թե այդ երկիրը ԱՄՆ դաշնակի՞ց է, թե՞ հակառակորդ, և բավական առարկայական ձևով ներկայացնում է իրողությունը թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի մասին։

Պետք է ասեմ, որ զեկույցում Թուրքիայի և Ադրբեջանի հատվածները շատ ավելի քննադատական են, քան Հայաստանինը։ Ինչ վերաբերում է Հայաստանի դատական համակարգին, անշուշտ, այդտեղ որևէ նորություն չկա, բոլորս էլ գիտենք, որ դատական համակարգն ընթանում է բազմաթիվ օրենքների խախտումներով թե՛ նախկինում, թե՛ ներկայում։

– Այսինքն՝ միանգամայն սպասելի էր այսպիսի գնահատականը Հայաստանի դատական համակարգի վերաբերյալ։

– Այո՛, մանավանդ որ հայ ենք և գիտենք Հայաստանի վիճակը, որևէ հայի համար անակնկալ չէ և ոչ էլ զարմանալի։ Եվ գովելի է, որ օտար մի երկիր ճշգրտորեն ներկայացնում է Հայաստանի դատական իրողությունը։

– Զեկույցում անդրադարձ կա 44-օրյա պատերազմին։ Նշվում է Թուրքիայի մասնակցությունը, նաև մարդու իրավունքների կոպտագույն խախտումները: 

Այո՛, և այս գնահատականն էլ զարմանալի չէ, քանի որ ԱՄՆ պետությունը ամեն տարի նման զեկույցներ է հրապարակում, և ես միշտ ուշադիր հետևում եմ Թուրքիայի մասին զեկույցին, քանի որ, ինչպես գիտեք, Թուրքիան ԱՄՆ դաշնակիցն է ՆԱՏՕ-ում, և միշտ օբյեկտիվ ձևով են ներկայացնում Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները և պաշտպանում են փոքրամասնությունների, հատկապես հայերի կրոնական, լեզվական խնդիրները։

Եվ հաճախ այս հայտարարությունները նեղացնում են Թուրքիայի կառավարությանը, քանի որ իրենք փորձում են այս ամենը կոծկել, ցույց տալ, թե իբր որևէ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է, և նյարդայնանում են, որ ԱՄՆ կառավարությունը, իրենց ձևակերպմամբ, խառնվում է իրենց ներքին գործերին, և ասում են, որ ԱՄՆ-ն իրավունք չունի նման բաներ հայտարարելու, բայց ԱՄՆ-ն, անշուշտ, իրավունք ունի։ Թուրքիան իրավունք չունի խախտելու մարդու իրավունքները։ 

Ինչ վերաբերում է պատերազմին, այո՛, շատ լավ է, որ ԱՄՆ-ն ինքն է ասում, որ Թուրքիան մասնակցել է պատերազմին, և թե մարդու իրավունքների ինչպիսի խախտումներ են տեղի ունեցել։ Եվ զարմանալիորեն թուրքերը և ազերիները ամենաբացահայտ հարցերը քողարկում են, ստում են, թե Թուրքիան չի մասնակցել պատերազմին և ոչ էլ ահաբեկիչները, բայց դա գիտի ամբողջ աշխարհը։

– Պետքարտուղարությունը դատական համակարգի խնդիրները վեր հանելով ակնարկում է, որ Հայաստանի իշխանությունը չկարողացա՞վ այս երեք տարվա ընթացքում դատական բարեփոխում իրականացնել։

– Այո՛, դա է ճշմարտությունը, բայց արդար լինելու համար պետք է ասեմ, որ փորձեցին քայլեր անել այդ ուղղությամբ, բայց շատ քիչ և անարդյունավետ։ Վարչապետը փորձեց որոշ չափով ՍԴ կազմը փոխել։ Եվ թեև ինքն անընդհատ հայտարարում էր, թե նախկին ղեկավարների նման չէ, չի կարող ճնշել դատավորներին, սակայն իրականությունն այն է, որ ինքն ու իր մարդիկ հաճախ են խառնվում դատական համակարգի գործերին և ուղղություն տալիս, չեն թողնում, որ դատավորն իր անաչառ վճիռը կայացնի։

– Այս տարի ԱՄՆ-ի կողմից որքանո՞վ է հնարավոր ցեղասպանության ճանաչումը։ Բայդենը հնարավո՞ր է ճանաչի՝ հաշվի առնելով այն ազդակները, որ գալիս են վերջին շրջանում ԱՄՆ-ից։

– Սա շատ լուրջ հարց է։ Մենք սովոր ենք, որ ԱՄՆ ղեկավարները նման խոստումներ են տալիս հայերին և ուրիշներին, բայց երբ նախագահ են դառնում, մոռանում են իրենց խոստումը և չեն հարգում։ Դա է պատճառը, որ ես խորհուրդ եմ տալիս ուրիշներին զուսպ, համբերատար լինել, նախօրոք չկողմնորոշել, թե նախագահ Բայդենն ի՛նչ պետք է անի, որովհետև եթե ցեղասպանություն չի ասելու կամ ասելու է, կարող է սխալ դուրս գանք և անհարմար վիճակում հայտնվենք։ Դրա համար պետք է համբերատար լինել, սպասել։ 

Ավելացնեմ, որ այս հարցը բազմաթիվ կողմեր ունի։ ԱՄՆ կառավարությունը բազմաթիվ անգամներ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նույնիսկ նախագահի մակարդակով 1981-ին նախագահ Ռեյգանը ստորագրել է հռչակագիր, որում խոսում է Հայոց ցեղասպանության մասին։ Եվ եթե Բայդենն ասի «ցեղասպանություն» բառը, դա առաջին անգամ չէ։

Անշուշտ, մեզ գոհունակություն են պատճառում ցեղասպանության ճանաչումները, և Կոնգրեսն էլ բազմիցս ճանաչել է ցեղասպանությունը, և 2019-ին Սենատը ճանաչեց։

Նաև 1951-ին ԱՄՆ կառավարությունը դիմել է Միջազգային դատարան, որում ասում է, որ Հայոց ցեղասպանությունը մարդկային պատմագրության մեջ ցեղասպանություններից մեկն է, այսինքն՝ մենք ԱՄՆ ճանաչումն ունենք 1951-ից ի վեր։ Եվ իզուր տեղը չպետք է չարչարվել այս ուղղությամբ։

Եվ նաև ասեմ, որ սա մի հարց է, որը շատ է նեղացնում Թուրքիայի հասարակությանը, երբ ամեն տարի խոսում են՝ ԱՄՆ-ն ճանաչելո՞ւ է հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ, և ամեն ինչ անում են խոչընդոտելու ճանաչումը։

Իրենք լոբբիստներ ունեն և ԱՄՆ կառավարության մեջ էլ շատ մարդիկ ունեն, որոնք իրենց օգնում են, և ամեն տարի իրենց հաջողվում է խանգարել թե՛ նախագահի, թե՛ Կոնգրեսի ճանաչումը։ Բայց վերջին շրջանում Թուրքիայի ազդեցությունը շատ է տկարացել ԱՄՆ-ում, Բայդենն ինքն էլ շատ մեծ սեր չունի Էրդողանի հանդեպ։

Եվ ընտրվելուց հետո մինչև այսօր Բայդենը չի զանգել Էրդողանին, իսկ Թրամփը հիմարաբար անում էր այն, ինչ խնդրում էր իրեն Էրդողանը։ Եվ հիմա մի փոքր համբերատար լինենք, սպասենք, թե ինչ տեղի կունենա, նախօրոք շատ չխանդավառվենք, որ հետո չհուսախաբվենք, սպասենք։ Թուրքերն ամեն ինչ փորձում են անել, որ խանգարեն Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը։ 

Այստեղ ուզում եմ շեշտել նաև ամենակարևոր հարցը. անկախ նրանից, թե Բայդենն ի՛նչ կանի, թե ինչքա՛ն դժգոհ են թուրքերը, մեզ դա չի մտահոգում, մեր մտահոգությունն այն է, որ Հայաստանի կառավարությունը մեկ անգամ ևս չգործի այն նույն սխալները, որ գործեցին 2009-ին, երբ բանակցում էին Թուրքիայի հետ հայ-թուրքական արձանագրությունների շուրջ։

Եվ այն ժամանակ ես մտահոգ էի, որ այս բանակցությունները կարող են ազդել նախագահ Օբամայի վրա, և այդպես էլ եղավ. ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե քանի որ Հայաստանը և թուրքերը այսքան ջերմ հարաբերություններ են փորձում ստեղծել, չարժի այդ ժամանակ ցեղասպանությունը ճանաչել, որ չխանգարի բանակցություններին։

Եվ մենք այս ամենի մասին տեղեկացրել ենք այն ժամանակվա ԱԳ նախարարին, բայց ի զորու չէին մեզ լսել։ Եվ Հայաստանին, դժբախտաբար, հաջողվեց ձախողել Հայոց ցեղասպանության ճանաչումը, և հիմա էլ նույն բանն է տեղի ունենում։ Եվ ես հոդված էի գրել, որում նշում էի, որ նույն ծուղակը չպետք է ընկնել։

Կամ այն հայտարարությունները, թե Թուրքիան այլևս մեր թշնամին չէ, կամ որ սահմանը պետք է բացվի, ԱՄՆ կառավարության կողմից ուշիուշով հետևում են, և սա մեծ ազդեցություն է ունենում և խանգարելու է Բայդենի՝ ցեղասպանության ճանաչմանը։ Խորհուրդ կտայի ՀՀ իշխանություններին ավելի զուսպ լինեն և ծայրահեղ գնահատականներ չհնչեցնեն։

Թուրքիան միայն անցյալում չէր մեր թշնամին, մեր թշնամին է նաև այսօր, այս պատերազմում դա ապացուցվեց, Թուրքիայում ոչինչ չի փոխվել, նույն ծայրահեղ, արյունարբու թուրք ղեկավարությունն է իշխում։ Եվ նրանք ոչ թե ՀՀ շահերի համար, այլ շահերի դեմ են աշխատում, նրանք չեն փոխվել։ Եվ այդ ամենի անտեսումը կարող է մեզ վրա շատ թանկ նստել։

Մանե Հարությունյան

MediaLab.am