Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, թե «կողմերը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի կետերի մեծ մասի շուրջ». Factor

Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և սպասում է Հայաստանի գործողություններին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳ փոխնախարար  Էլնուր Մամեդովը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի առաջարկն այսօր ուժի մեջ է մնում։ Ուստի հաջորդ քայլերը պետք է ձեռնարկի առաջին հերթին Հայաստանը»,- ասել է Մամեդովը։

Նա նշել է, թե այս պահին կողմերը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի կետերի մեծ մասի շուրջ և, ըստ նրա, դրա ստորագրման հավանականությունը պետք է ավելի մեծ լինի։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, և եթե կողմերը հավատարիմ են մնում այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումն իրատեսական կդառնա: