«Մի պաշտոնյայի ցույց տվեք, որ միլիոններ չի կուտակել». Արցախում առաջարկում են ապօրինի միջոցների պետականացման օրենք ընդունել

Արցախցի հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Վահրամ Աթանեսյանը համոզված է՝ Արցախի ու Հայաստանի այսօրվա վիճակին մեծապես նպաստել են նաև կոռուպցիոն համակարգերը, որոնց գոյության արդյունքում բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ կարողացել են կուտակել միլիոնավոր դոլարների հասնող հարստություն, ինչը հնարավոր չէր լինի սովորական աշխատավարձով ապրելու պարագայում:

«Եթե, ասենք՝ 250-300 հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյան 3 միլիոն դոլարանոց սեփականություն ունի, պապն էլ Ռոքֆելերը չի եղել, բա չպարզե՞նք, տեսնենք՝ այդ մարդը որտեղի՛ց է ձեռք բերել այդ գույքը, ի՛նչ եկամուտներով»,- «Մեդիալաբին» ասում է Վահրամ Աթանեսյանը:

Մինչ այդ, նա Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում, դիմելով Արցախի Ազգային ժողովին, կոչ էր արել ընդունել «Ապօրինի հարստացման բացահայտման և ապօրինի միջոցների պետականացման և այդ գումարները Արցախի Հանրապետության պաշտպանության կազմակերպման նպատակով օգտագործելու մասին» օրենք։ Նաև պահանջ էր ներկայացրել «ՀՀ կադաստրի պետական կոմիտեից՝ հրապարակել 1988 թ. փետրվարից ի վեր Հայաստանում անշարժ գույք ձեռք բերած արցախցիների ցուցակը՝ նրանց ունեցվածքի կադաստրային նկարագրությամբ։

Պահանջում եմ, որ Արցախի Հանրապետության գործող բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նախկին նախագահները, ԱԺ նախկին նախագահները, վարչապետի, կառավարության անդամի, ԱԺ պատգամավորի, գերատեսչության ղեկավարի, ՊԲ և զորամասի հրամանատարի, ուժային կառույցների ղեկավարի պաշտոն զբաղեցրած անձինք հրապարակեն գույքի և եկամուտների մասին հայտարագրեր, ինչպես նաև՝ փոխկապակցված անձանց հետ իրենց տիրապետած սեփականության, արտերկրում սեփականության և բանկային հաշիվների մասին ստույգ տվյալներ»:

Աթանեսյանը նախկին ու ներկա հարստացած պաշտոնյաների անուններ չի ցանկանում մատնանշել: «Հստակ օրինակ եք հարցնում, ի՞նչ հստակ օրինակ, էդ ո՞րն է, որ չունի, մի պաշտոնյայի ցույց տվեք»,- հարցերով հակադարձում է հրապարակախոսը:

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը դժվարանում է գնահատել Աթանեսյանի այս պահանջը և նկատում՝ հիմա ավելի օրհասական խնդիրներ կան, որոնք առաջնային լուծում են պահանջում: Ավելին, ըստ դաշնակցական գործչի՝ այսօր պետք է միավորվել ու օգնել միմյանց և ոչ թե բաժանարար գծեր գծել:

«Եթե ինչ-որ բան մեզ օգուտ կբերի, կնպաստի միավորվելու, խնդրեմ, եկեք անենք: Բայց ես չեմ կարող ասել՝ այդ առաջարկը մեզ օգո՞ւտ է, թե՞ ոչ: Եթե դա մեզ կբաժանի, ես կողմնակից չեմ, չնայած չգիտեմ՝ այն մեզ կմիավորի՞, թե՞ կբաժանի»,- «Մեդիալաբին» ասում է Արցախի խորհրդարանի պատգամավորը: Նա չի կարծում, թե երկիրն այնքան թաթախված է կոռուպցիայի մեջ, որ դրա հետևանքով անհաջողությունների է հանդիպում հիմա, ինչպես համոզված է Աթանեսյանը:

Վահրամ Աթանեսյանը, սակայն, համոզված է, որ Արցախի Հանրապետությունն այս օրենքի կարիքն ունի: «Ակնկալիքների մասով ոչինչ ասել չեմ կարող, դա քաղաքական ուժերի բարոյականության ու քաղաքական համաձայնության խնդիր է, բայց ես անձնական կարծիք եմ հայտնել, որ նման օրենքն Արցախին անհրաժեշտ է»,- ասում է նա:

Այդուհանդերձ, Արցախի օրենսդիր մարմնի ներկայացուցիչը դժվարանում է պատասխանել հարցին՝ արդյոք այս առաջարկությանը կհետևե՞ն ու հանդես կգա՞ն օրենսդրական նախագծով: «Ես հիմա չեմ կարող հստակ որևէ բան ասել, այնքան բարդ է, չգիտեմ»,- նշում է Վահրամ Բալայանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am