Դատական գործեր ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների․ ԽԱՊԿ-ը զեկույց է հրապարակել

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) 2022թ․ հունիսից մինչև 2023թ․հունվար անցկացրել է ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական գործերի մշտադիտարկում։ Ուսումնասիրվել են դատարաններ ներկայացված հայցադիմումները, դրանց վերաբերյալ առարկությունները, դատական նիստերում քննարկված հարցերը, ինչպես նաև դատական ակտերը: Ստացված արդյունքների, այդ թվում վիճակագրական տվյալների հիման վրա կատարվել է վերլուծություն և պատրաստվել սույն զեկույցը:

Այս մշտադիտարկումը ԽԱՊԿ-ի հերթական հետազոտությունն է, որի առարկան 2021 և 2022 թվականներին վիրավորանքին և զրպարտությանը վերաբերող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով լրատվամիջոցների և լրագրողների դեմ հարուցված դատական գործերն են: Նախորդող տարիներին ևս իրականացվել են այսպիսի ծրագրեր, և դրանց շարունակականությունը կարևոր է՝ պարզելու համար, թե ինչ միտումներ ու զարգացումներ են ընթանում դատական պրակտիկայում, մանավանդ հետհեղափոխական շրջանում, երբ դատաիրավական համակարգում բարդ և ոչ միանշանակ գնահատվող փոփոխություններ են տեղի ունենում։

Մշտադիտարկման արդյունքում փորձել ենք պարզել, թե դատավորները որքանով են հետևում ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրական կարգավորումներին, միջազգային կոնվենցիաներին, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների ակտերին: Կարևոր նշանակություն է տրվել դատարանների կողմից նմանատիպ վեճեր քննելիս միատեսակ, իրավաչափ և կանխատեսելի մոտեցումներ դրսևորելուն։ Ուստի կատարվել են համեմատական վերլուծություններ։ Դրանց հիման վրա բացահայտվել են էությամբ նույն փաստական տվյալների վերաբերյալ տարբեր դատական ակտեր կայացնելու դեպքեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել այն հարցին, թե արդյո՞ք դատարանները հաշվի են առնում ԶԼՄ-ների և լրագրողների առաքելությունը, խոսքի ազատության չափանիշները և դրա հանրային շահը: Որոշ գործեր վերլուծելիս վկայակոչվել են «Տեղեկատվական վեճերի խորհուրդ» մասնագիտական նախաձեռնության եզրակացություններն ու կարծիքները:

Ինչպես նախորդ մշտադիտարկումներում, այս անգամ ևս ԶԼՄ-ներում վիրավորանքի և զրպարտության հետ կապված դատական գործերի վերլուծությունը փորձագիտական խումբն իրականացրել է հետևյալ չափանիշներով.

փաստերի և գնահատող դատողությունների տարանջատում

տեղեկատվության արատավորող բնույթ

պատշաճ պատասխանողի խնդիր

նյութական և ոչ նյութական փոխհատուցում

դատական ակտերի պատճառաբանություններ

հայցի ապահովման միջոցի կիրառում

դատական ծախսեր (պետական տուրքի չափ, փաստաբանի վարձատրություն և այլն)

Վերլուծության թեմաներ են դարձել նաև խոսքի ազատության սահմանափակումների համապատասխանությունը իրավաչափության և համաչափության սկզբունքներին, ինչպես նաև դրանց անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում։

ներկայացվել է 106 դատական հայց, որոնցից 72-ը 2021 թվականին, 34-ը՝ 2022-ին։ Այդ հայցերից վարույթ է ընդունվել 93-ը (2021-ին՝ 69, 2022-ին՝ 24),  մնացած 13-ը վարույթ չեն ընդունվել փաստաթղթերը թերի լինելու կամ հայցը հետ վերցնելու հիմքերով։

Վարույթ ընդունված 93 գործերից 48-ում (2021թ․՝ 38, 2022թ․՝ 10) հայցվորները ներկա կամ նախկին պաշտոնյաներ են, քաղաքական գործիչներ կամ պետական մարմիններ, 25-ում (համապատասխանաբար՝ 19 և 6)՝ գործարարներ կամ տնտեսվարող ընկերություններ են, 9-ում (5 և 4)՝ շարքային քաղաքացիներ, 4-ում (3 և 1)՝ քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, 7-ում (4 և 3) լրատվամիջոցներ։

Մոնիտորինգի ընթացքում վերլուծության առարկա են դարձել այն գործերը, որոնց վերաբերյալ ընդունվել է առնվազն մեկ և ավելի դատական ակտ․ այդպիսիք 17–ն են։ Ընդ որում՝ դրանցից 6 գործով կայացված ակտերը մտել են օրինական ուժի մեջ, այսինքն՝ վեճերը հանգուցալուծվել են, իսկ 11-ի առնչությամբ ընդունվել է 1 և ավելի ակտ, բայց դատական գործընթացները սույն հետազոտությունը հրապարակելու պահին ընթացքի մեջ են եղել։

2021 և 2022 թվականներին հարուցված դատական գործերով կնքվել է 2 հաշտության համաձայնություն, ինչի հիմքով էլ դրանք կարճվել են: Հայցադիմումները վերադարձվել և կրկին չեն ներկայացվել (դրանով իսկ դատական գործերը ավարտվել են) 10 դեպքում, որոնցից 3-ը 2021, իսկ 7-ը՝ 2022 թվականին։ Իսկ 3 դեպքում (բոլորը 2022 թվականին) հայցը կրկին ներկայացնելուց հետո այն վարույթ ընդունելու որոշում դեռ չի կայացվել: Հայցվորների կողմից դատական նիստին երկու և ավելի անգամ անհարգելի պատճառներով չմասնակցելու դեպքեր արձանագրվել են 3 անգամ, որոնցից 1-ը 2021 թվականին, 2-ը՝ 2022 թվականին, 3 դեպքում էլ դատարանները հայցերը առանց քննության են թողել (բոլորը 2021 թվականին): Հայցից հրաժարվելու հիմքով կարճված գործերի քանակը 9-ն է, որոնցից 3-ը 2021 թվականին, 6-ը՝ 2022-ին:

Ընդհանուր առմամբ 93 վարույթ ընդունված գործերից 14-ում ԶԼՄ-ների հիմնադիրները ոչ թե պատասխանող են, այլ ներգրավվել են որպես երրորդ անձ․ 2021 թվականին 10, 2022-ին՝ 4դեպքում։

Ավելին՝ այստեղ