6 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից.ԿԳՄՍՆ

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե  մեդալներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից։

Օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա եւ առցանց) տարբերակով տեղի է ունեցել 29-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմեր (667 ուսանողներ, որից 168-ը՝ առկա, 499-ը՝ առցանց): 

Երեւանի պետական համալսարանից Վահան Մարտիրոսյանը, Վահե Կարագուլյանը եւ Տիգրան Չթչյանն արժանացել են ոսկե մեդալների,  Գագիկ Մելքումյանը՝ արծաթե մեդալի, իսկ Վաչագան Դիլանյանը՝ բրոնզե մեդալի: 

Հայ-ռուսական համալսարանից Արման Ֆահրադյանն արժանացել է արծաթե մեդալի։

Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը, մարզել են Կարեն Քեռյանը,  Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գեւորգյանը, Արման Բայրամյանը եւ Տիգրան Հակոբյանը: