Մոսկվան Արևմուտքին մեղադրել է հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ ջանքերը խաթարելու մեջ

Հենց արևմտյան երկրներն են խաթարել հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն «աղբանոց ուղարկելով»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, որն իր հերթին մեղադրում էր Ռուսաստանին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված ջանքերը խաթարելու մեջ։

«Եթե ​​որևէ մեկը խաթարել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա արել են իրենք՝ արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է ուղարկվել այն բանից հետո, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները մտացածին պատրվակով 2022 թ.-ի փետրվարին դադարեցրին փոխգործակցությունը ռուս գործընկերոջ հետ», – ասել է Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ այդ գործողությունների բացատրությունն այդպես էլ չի տրվել:

«Դա հաշվի առնելով՝ մենք կենտրոնացել ենք եռակողմ ձևաչափերի շրջանակներում Երևանին և Բաքվին օգնություն տրամադրելու վրա՝ հիմնվելով ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի վրա, ինչի մասին բազմիցս խոսել ենք», – ասել է նա:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ԱՄՆ-ի միջնորդությանը, ապա, ըստ Զախարովայի, ՌԴ ԱԳՆ-ն չի տեսնում, որ «այն հագեցած լինի իրական քայլերով և որևէ ավելացված արժեք ունենա»։