Հայտարարագրման համակարգի պարզեցմանն ուղղված նախագծերի փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ին մեկնարկած արտահերթ նիստին առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը վերաբերում է եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցմանը, ինչպես նաև մի շարք փոփոխությունների: Նախագծի շրջանակում կարևոր առաջարկներից մեկը վերաբերում է ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումներին: Նախատեսվում է, որ դրանք հայտարարագրման ենթակա չեն, ուստի ծնողի և երեխայի, քույրերի և եղբայրների, ամուսինների միջև դրամական փոխանցումները հայտարարագրելու կարիք չկա. խոսքը վերաբերում է չհարկվող եկամուտներին: Մյուս առաջարկը վերաբերում է բուն հայտարարագրման պրոցեսին: Եթե քաղաքացին վստահ է, որ իր ստացած եկամուտները հենց այնքան են, ինչքան ՊԵԿ-ը լրացրել է, ապա ՊԵԿ-ի տվյալների հիման վրա հայտարարագիրը կարող է լրացված և հանձնված համարվել: