«Հրապարակումից 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ»․ Փաշինյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատեհ չի համարում մեկնաբանելու Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական տալու դրդապատճառների մասին Արմեն Սարգսյանի հայտարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա ասաց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում:

«Որոշումը կայացրել է նախագահը: Ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ժամեր առաջ: Նա երեկ հրապարակումից 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ, և մենք խոսել ենք այդ մասին: Ես Հանրապետության նախագահին հարցրել եմ՝ ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշում: Ես փորձել եմ հասկանալ՝ որոշումը քննարկման ենթակա է, թե ոչ: Դրանից հետո նա ասել է, որ կայացրել է որոշում»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ  Սահմանադրության հետ կապված Հանրապետության նախագահի դիրքորոշումներն ավելի վաղ ևս հայտնի էին: «Նախորդ հարցուպատասխանի ժամանակ, երբ քննարկում էինք սահմանադրական փոփոխությունների թեման, ես ասացի, որ իմ դիրքորոշումն այդ կապակցությամբ մի փոքր կամ էականորեն տարբերվում է Հանրապետության նախագահի դիրքորոշումից: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է Հանրապետության նախագահ, իսկ հետո ես՝ վարչապետ, Սահմանադրության մեջ Հանրապետության նախագահի լիազորությունների մասով որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել: Այս ողջ ընթացքում կանոնների փոփոխություն տեղի չի ունեցել»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ նախագահի հրաժարականի հայտարարության մեջ կա անդրադարձ դրա դրդապատճառների մասին: «Ինքս այդ բացատրություններն ընդունում եմ որպես ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր պաշտոնյա ինքն է որոշում այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների հիման վրա պետք է արվեն:

Անդրադառնալով «Հետք» լրատվամիջոցի հրապարակմանը այն մասին, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելիս եղել է Սենթ Քիդս և Նևիսի քաղաքացի, Փաշինյանը նշեց, որ ասուլիսից առաջ տեղեկացվել է դրա մասին, սակայն մանրամասն դեռևս չի ծանոթացել բովանդակությանը: Նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ հրապարակման մասին՝ հավելելով, որ համապատասխան մարմինները կզբաղվեն դրանով: