Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին նվազել է 7.5 տոկոսով

Հեղինակ MediaLab

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվարին 7.5 տոկոսով նվազել է 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10.8 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 0.8 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվարին նվազումը կազմել է 15.1 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նվազել է 10.3 տոկոսով:

2021 թվականի հունվարին սպառողական գների ինդեքսն աճել է 4.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 5.5 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 2.2 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ նվազել է 3.8 տոկոսով՝ կազմելով 183 հազար 760 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձը նվազել է 0.1 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 5.4 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ 16.8 տոկոսով, ընդ որում արտահանումը նվազել է 11.3 տոկոսով, ներմուծումը՝ 20 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվարին եղել է 521.20: