Փոխհատուցելով պատերազմի վնասները․ ինչ փուլում են աջակցության ծրագրերը. Fip.am

ՀՀ կառավարությունը հետպատերազմական շրջանում սկսեց Արցախի և արցախցիների օժանդակության մի շարք ծրագրեր՝ ուղղված զինծառայողների և նրանց հարազատների, քաղաքացիական անձանց աջակցությանը և ենթակառուցվածքների վերականգմանը։

Փետրվարի 22-ին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ պատերազմից տուժածներին տրված հատկացումները կազմել են շուրջ 21․5 մլրդ դրամ։ Նախարարը նշեց, որ տարբեր ծրագրերով արդեն իսկ հաստատվել է 55 մլրդ դրամի աջակցություն Արցախի համար։ Որոշ ծրագրեր իրականացվում են Արցախի բյուջեից՝ ՀՀ աջակցությամբ։

Ավելի վաղ «Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել աջակցության ծրագրերի ու դրանց համար պետության միջոցներից և հիմնադրամներից հատկացված գումարների մասին։ Նախարարությունը, ըստ այդմ, տրամադրել է տեղեկություններ 19 ծրագրերի մասին, որոնց մի մասը դեռ ավարտված չէ։

Այսպես, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների՝ «Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական աջակցություն և կեցավայրի փոխհատուցում» ծրագրով 2020 թվականի ընթացքում տրամադրվել է շուրջ 7 մլրդ 9 մլն դրամ աջակցություն։ 2021 թվականի ընթացքում, փետրվարի առաջին շաբաթվա դրությամբ՝ շուրջ 260 մլն աջակցություն։ Ծրագրի համար ստացվել էր 147,757 դիմում (119,574 անձի համար)։ Վճարման ցանկում, սակայն, ներառվել են 99,323-ը։

Կառավարությունը դրամական փոխհատուցում է տրամադրել նաև Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին։ Հատկացումները 2020 թվականի ընթացքում կազմել են շուրջ 4․65 մլրդ, իսկ 2021-ին՝ 3․51 մլրդ դրամ։ Ծրագրի համար դիմել է 43,070 քաղաքացի, վճարման ցուցակում ներառվել է նրանցից 23,385-ը։

Արցախի այն քաղաքացիները, որոնք պատերազմի ընթացքում բնակելի անշարժ գույք են կորցրել բնակավայրի՝ Արցախի վերահսկողությունից դուրս գալու կամ այլ պատճառներով, պետք է ստանան 250,000 դրամ միանվագ աջակցություն։ Աջակցություն ստանալու համար դիմել է 62,727 քաղաքացի, սակայն վճարման ցուցակում ներառված քաղաքացիների ցանկը հարցումը ստանալու պահին մշակման փուլում էր։

Արցախի Հանրապետությունում հաշվառված և պատերազմի հետևանքով տունը կորցրած չափահաս քաղաքացիներին հյուրընկալողերի համար ևս կառավարությունը մեկնարկել էր փոխհատուցման ծրագիր, որը նախատեսում է 30 հազար դրամ փոխհատուցում Հայաստանի դեպքում և 45 հազար դրամ՝ Արցախի դեպքում։

Ընդհանուր առմամբ, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից և տունը պատերազմի հետևանքով կորցրած (ավերված կամ այլ պատճառներով) անձանց հյուրընկալող 40,157 քաղաքացի է դիմել, դիմումների ուսումնասիրությունը, ըստ նախարարության, դեռ ընթացքի մեջ է։

Կառավարությունը փոխհատուցել է նաև ՀՀ քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները։ Ընդհանուր 50 մլն դրամ բյուջեով ծրագրին դիմել է Սյունիքի մարզի 71 քաղաքացի։

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած և մահացած քաղաքացիական անձանց համար ստացվել է 26 դիմում, վճարում կատարվել է մեկ անձի համար՝ 3 մլն դրամի չափով՝ հաշմանդամություն ձեռք բերելու հիմքով։

Իրագործման փուլում է նաև Արցախի գործազուրկ քաղաքացիների՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագիրը՝ երեք ամիս ժամկետով։ Ծրագրի համար ստացվել է 435 դիմում, վարձատրվող հասարակական աշխատանք կատարելու համար դիմել է 772 քաղաքացի։ Ծրագրի շրջանակում քաղաքացիները կստանան ամսական 100,000 դրամ մաքուր աշխատավարձ։

Կառավարությունը սոցիալական աջակցություն է տրամադրվել 5 և ցածր տարիքի երեխաների համար ամանորյա միջոցառումների կազմակերպման համար։ Ֆինանսավորումը կազմել է 292 միլիոն դրամ։

Անհետ կորած, վիրավորում և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին աջակցությունը տրամադրում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը։ Ըստ հիմնադրամի 1000plus.am կայքի տվյալների՝ մինչ օրս փոխանցվել է շուրջ 14․5 մլրդ դրամ գումար։ Պարտադիր վճարներից և նվիրատվություններից հավաքագրված միջոցները շուրջ 41 մլրդ դրամ են։ Միանվագ դրամական աջակցություն, ըստ հրապարակված տվյալների, ստացել է 1122 զինծառայող։

Ընդհանուր առմամբ, նշված ծրագրերով փետրվարի սկզբի դրությամբ ծախսվել էր շուրջ 17 մլրդ դրամ, իսկ շուրջ 15 մլրդ դրամ տրամադրվել է զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։

Անի Ավետիսյան

Fip.am