Ակտիվանում են գործարար կապերը. հայ-նիդերլանդական հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկանք

Ակտիվանում են գործարար կապերը. հայ-նիդերլանդական հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկանք
Ակտիվանում են գործարար կապերը. հայ-նիդերլանդական հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկանք

Պաշտոնական այցով հունվարի 22-ից 23-ը Հայաստանում է գտնվելու Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը:

Սա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Նիդերլանդների ԱԳ նախարարի առաջին երկկողմ այցելությունն է Հայաստան, որը լավ հնարավորություն է գնահատելու երկկողմ օրակարգը և նոր թափ հաղորդելու երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին: 

Հատկանշական է, որ նախարարի այցին նախորդել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի որոշումը՝ ՀՀ-ում դեսպանություն հիմնելու վերաբերյալ: Վերոշնյալ որոշումը Նիդերլանդների՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական փոփոխությունների աջակցության հստակ ազդակն է:

Անկախությունից ի վեր Նիդերլանդների կառավարությունն աջակցել է Հայաստանում կյանքի կոչվող զարգացման ծրագրերին:

Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցությունն ընթանում է մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, ՏՏ, մշակութային, արդարադատության, տարածքային ենթակառուցվածքների, ապակենտրոնացված համագործակցության և այլն։ Ակտիվանում են գործարար կապերը, մասնավորապես գյուղատնտեսության, կաթնարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ 

Եվրամիության և անդամ պետությունների հետ հարաբերությունների համատեքստում մեծ նշանակություն ունի նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես նաև կարևոր գործիք Հայաստանում ընթացող  բարեփոխումները խրախուսելու համար: 2019թ. դեկտեմբերի 12-ին Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Սենատը նույնպես վավերացրել է համաձայնագիրը։ Այժմ այն ներկայացվել է թագավորի հաստատմանը։

2019թ. հոկտեմբերին կազմավորվել է Նիդերլանդներ-Հայաստան բարեկամության  շրջանակը, որում ներգրավված են քաղաքական գործիչների, գործարարների և մշակույթի ու գիտակրթական ոլորտի գործիչներ: Շրջանակը հայկական կողմից ղեկավարում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ Նիդերլանդների կողմից` երկրի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ջոել Ֆորդևինդը:

ԼՂ հիմնախնդրի հարցում Նիդերլանդները հանդես է գալիս ԵՄ ընդհանուր դիրքորոշմամբ` աջակցելով հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին:

Համագործակցությունը միջազգային հարթակներում

Հայաստանը և Նիդերլանդները սերտորեն համագործակցում են միջազգային կառույցների շրջանակում: Սա ևս մեկ ուղղություն է, որտեղ կարող է առավել արդյունավետ և ներառական համագործակցություն ծավալվել երկու երկրների միջև: Հայաստանը և Նիդերլանդները համագործակցում են միջազգային ասպարեզում ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ, մասնավորապես՝ ՄԱԿ համապատասխան բանաձևերի համահեղինակման միջոցով:

2018թ․ փետրվարի 22-ին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում: Նույն նիստի ժամանակ ընդունվել է մեկ այլ որոշում, համաձայն որը կանոնակարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին Նիդերլանդների կառավարության մասնակցությունը։ 2019թ. հունիսի 11-ին Նիդերլանդների Խորհրդարանի լիագումար նիստում ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտման և արդարացման փորձերը դատապարտող բանաձև:

2019թ. ընթացքում երկկողմ այցելություններ և հանդիպումներ

2019թ. հունվարի 28-ին Դավոսում միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հետ։

2019թ. փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։

2019թ. մարտի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև։

2019թ. հոկտեմբերի 9-11-ը հոկտեմբերի 9-11-ը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական այց է կատարել Նիդերլանդների Թագավորություն:

2019թ. նոյեմբերի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան Մարիա Կրիստինա վան Կոլդամը (նստավայրը` Թբիլիսի):

Տնտեսական ոլորտ

Երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունները վերելք են ապրում: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը Նիդերլանդների հետ 2019թ. հունվար-հոկտեմբերին ըստ ապրանքի ծագման երկրի կազմել է 162 617.1 հազ. ԱՄՆ դոլար, որը 2018թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 9.2%-ով, իսկ ըստ արտահանող երկրի` 246 491.9 հազ. ԱՄՆ դոլար, որը 2018թ. հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 38.9%-ով: Արտահանումը Հայաստանից Նիդերլանդներ աճել է 26.7%-ով և կազմել է 132 128.6 հազ. ԱՄՆ դոլար:

2019թ. հունվար-սեպտեմբերին նիդերլանդական ներդրումները հիմնականում իրականացվել են մետաղական հանքաքարի արդյունահանման, ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների և հարակից գործունեության համակարգչային տեխնոլոգիաների գործունեության ոլորտներում:

2019 թվականի I կիսամյակում Հայաստանից Նիդերլանդներ  արտահանված և աճ ապահոված հիմնական ապրանքատեսակներն են, ի թիվս այլոց, երկաթահամահալվածք, ալյումինե նրբաթիթեղ, հագուստ, ալկոհոլային խմիչքներ, համակարգիչներ և դրանց բլոկներ:

2019 թվականի I կիսամյակում Հայաստան Նիդերլանդներից  ներմուծված և աճ ապահոված հիմնական ապրանքատեսակներն են դեղամիջոցներ, տնկաշիվեր, կենդանի այլ բույսեր, գյուղատնտեսության նշանակության ապրանքներ, շարժիչային փոխադրամիջոցներ և այլն:

Դրական դինամիկա է առկա զբոսաշրջության բնագավառում. Նիդերլանդներից Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է՝ 12155, ինչը 23%-ով ավել է 2018թ. հունվար- սեպտեմբեր ամիսների համեմատ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: