ԲՀԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 14-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

«Այսօր ժամը 16:00-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որից հետո կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված իր դիրքորոշումը»,- ասաց Տոնոյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: 

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին: