«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, թե՛ Սամվել Կարապետյանի, թե՛ Բագրատ և Միքայել Սրբազանների պաշտպանները ակնհայտ ապօրինի են համարում իրենց պաշտպանյալների՝ կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու դատարանի որոշումները: Համակարծի՞ք եք պաշտպանների այս մտքին, ընդհանուր առմամբ դատական այդ գործերն ինչպե՞ս եք գնահատում:
– Ե՛վ Սրբազանների, և՛ Սամվել Կարապետյանի քրեական գործերը հենց սկզբից շինծու են, իսկ այդ մարդիկ՝ քաղբանտարկյալ։ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի։ Մենք ականատես եղանք, որ իրավապահ համակարգը կարող է ապացույցներ կեղծել, ինչպես Բագրատ Սրբազանի վերաբերյալ ձայնագրությունները, և դա որևէ հետևանք չունենա։
Նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը այս պահին քրեակատարողական հիմնարկները լցրել է քաղբանտարկյալներով, և նրա ձեռքը բռնող չկա՝ ո՛չ դրսից, ոչ՛ էլ ներսից։ Դրսում, խոսքը մասնավորապես վերաբերում է արժեհամակարգերը մեր աչքը մտցնող ԱՄՆ-ին ու Եվրոպային, աչք են փակելու դրա վրա, որովհետև մարդու իրավունքների և դեմոկրատիայի հարցերը չեն վերաբերում իրենց մարիոնետներին, ինչպես, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Իսկ ներսի մասին իմաստ չունի խոսել, որովհետև ընդդիմություն գոյություն չունի։ Իրենց ջահելներին փողոց հանող խորհրդարանական ընդդիմությունը նույնիսկ նրանց չկարողացավ տեր լինել, ուր մնաց թե Սամվել Կարապետյանի կամ Սրբազանների հարցին տեր լինի։ Մարդկանց գցեցին բանտերը, անմեղ դեմքով հետ եկան, պատգամավորական աթոռները գրկեցին ու նստեցին։
– Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է այս անձանց նկատմամբ կալանքը ընտրվել ու շարունակում մնալ որպես խափանման միջոց, որոշ կարծիքների համաձայն՝ դա հետևանք է իշխանության վախերի:
– Սրբազանների և Սամվել Կարապետյանի կալանավորումները ունեն բազմաթիվ պատճառներ, բայց այդ բոլոր պատճառների արմատը քաղաքական վախերն են։ Սրբազանների խոսքը դարձել էր ազդեցիկ, որովհետև թե՛ Բագրատ Սրբազանը և՛ թե Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ունեն ծանրակշիռ խարիզմա։
Փաշինյանը Սամվել Կարապետյանից ևս տեսնում է քաղաքական սպառնալիք, հատկապես այն դեպքում, որ վերջինիս թիմը քաղաքական հայտ է ներկայացրել Կարապետյանի գլխավորությամբ։ Չի բացառվում, որ երկու սրբազանին և Կարապետյանին այնքան պահի կալանքի տակ, մինչև վերջնական լուծի Եկեղեցու հարցերը և, ինչու չէ, նաև արտահերթ ընտրության գնա։
– Տիկի՛ն Սամսոնյան, առհասարակ, իշխանությունը վախենալու պատճառ ունի՞:
– Այո՛, ունի, որովհետև իշխանության ռեյտինգը լավ վիճակում չէ, փորձ է արվում այդ ռեյտինգը վերականգնել խաղաղության նախաստորագրած թուղթը կապիտալացնելով, բայց այնպես չէ, որ մարդիկ հավատում են դրան։ Ես չգիտեմ իշխանություն, որն իր ժողովրդին իսկապես խաղաղություն կբերի, բայց ամեն օր դանակը ժողովրդի վզին դրած՝ խեղդելով կապացուցի, որ ինքը խաղաղություն է բերել։ Չկա նման բան։
Բոլորն էլ հասկանում են, որ այդ թուղթը նախատեսված է ընտրություններին ձայն հավաքելու համար։ Այսինքն մի քանի ամսով հայ ժողովուրդը շունչ կքաշի, հետո նորից Ալիևը կգա իր պահանջներով և խոստացված զիջումների հետևից։ Ընտրություններից հետո Ադրբեջանի սպառնալիքները ոչ միայն նորից գլուխ են բարձրացնելու, այլև առավել վտանգավոր դրսևորումներ են ունենալու։
– «Ընդհանրապես, եթե կառավարությունում իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ես ինքս նրանց կհանեմ»,- Փաշինյանի այս հայտարարությանը իշխանության որևէ ներկայացուցիչ դեմ չի արտահայտվել մինչ օրս, ավելին՝ կան պատգամավորներ, որոնք համաձայն են այս պնդմանը: Նման հայտարարությունը կամ պնդումը ինչի՞ մասին է խոսում, ինչո՞ւ է Փաշինյանը նման վարքագիծ դրսևորում:
– Փաշինյանը արդեն յոթ տարի է՝ այդպես է կառավարում։ Նրա դեմոկրատ և թիմային կերպարը հորինվածք է, արտաքին խաբկանք։ ՔՊ-ում ոչ մի քաղաքական սուբյեկտ չկա, բոլորը ենթականեր են, և՛ խորհրդարանում և՛ Կառավարությունում նստածները։ Կասի՝ խոսեք, կխոսեն, կասի՝ կանգնեք՝ կկանգնեն, որ ասի գնացեք քնեք, կգնան կքնեն։ Հիմա հատկապես բոլորը հակված են կատարելու Փաշինյանի նույնիսկ ամենատհաճ քմահաճույքները, որովհետև առաջիկայում ընտրություններ են, և պետք է իրենց տաք տեղը վաստակեն հաջորդ իշխանության ձևավորման մեջ։
Փաշինյանը մեղավոր չէ, նա այնպիսին է, ինչպիսին կա։ Իսկ թե ինչ կարծիք կարելի է կազմել իր դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեցող, բայց աթոռն իրենց պատվից ավելի շատ սիրող Կառավարության ներկայացուցիչների մասին՝ թող իրենք մտածեն։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















