«Գյումրի» բժշկական կենտրոնում ստեղծվել է տրիաժի միջանկյալ բաժանմունք

Հեղինակ MediaLab

«Գյումրի» բժշկական կենտրոնում ստեղծվել է տրիաժի միջանկյալ բաժանմունք,  որը կֆինանսավորվի պետության կողմից:

Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեց «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։ «Ըստ էության, մենք այս գործառույթներն իրականացրել ենք, բայց ֆինանսավորում չի եղել պետության կողմից, իսկ հիմա ծառայության համար գումար կստանանք: Միջանկյալ բաժանմունք մեկուսարաններն են, ամեն ինչով կահավորված հիվանդասենյակներ։ Դրանք ստեղծել էինք հիվանդանոցի ուժերով ու իրականացնում էինք ծառայությունը. ընդունում էինք հիվանդներին: Մենք այնտեղ նմուշառում էինք անում ու պարզելուց հետո տեղափոխում էինք կամ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց կամ մայրաքաղաք»,-նշեց Արմեն Իսահակյանը՝ տեղեկացնելով, որ բուժհաստատությունն աստիճանաբար կվերսկսի պլանային վիրահատությունները, որոնք դադարեցվել էին արտակարգ դրության հայտարարումից ի վեր: Միայն անհետաձգելի վիրահատություններ են կատարվել մինչ օրս: Սա լուրջ  ֆինանսական խնդիրներ է հարուցել բուժկենտրոնում:

«Կամաց-կամաց ենք սկսելու, չեմ ուզում միանգամից սկսենք։ Կսկսենք զգուշությամբ․ կճշտենք հիվանդների վիճակը, մեզ մոտ՝ իրավիճակը, որ իրենց բուժումն ապահով կազմակերպենք։ Այս պահի դրությամբ ունենք 62 հիվանդ, որոնցից թերապևտիկ բաժանմունքում՝ միջանկյալ 8 հիվանդ։ Մարդիկ պիտի պահպանեն սահմանված նորմերը․ պաշտպանիչ միջոցներ պիտի ունենան, ովքեր չունեն, մենք կտրամադրենք, պիտի պահպանեն հեռավորություն, նոր կհետազոտենք»,- նշեց «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենը։

 Արմենուհի Մխոյան