Նախադպրոցական ուսումնական հաստատություններում վերընդունելության և ընդունելության մասին

Նոր կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախատեսած սահմանափակումների համաձայն՝ 2020-2021 ուստարում Երևանի ենթակայության մանկապարտեզներում ընդունելությունը չի կազմակերպվել: Միաժամանակ սահմանափակված է նաև խմբերում ընդգրկված երեխաների քանակը:

Արդյունքում՝ ներկայումս նախադպրոցական կրթությունը ընդհատել է և մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա, իսկ հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը:Խնդրին հնարավոր լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է քննարկումներ պետական լիազոր գերատեսչությունների հետ, որոնց արդյունքում սահմանափակումները որոշակիորեն կմեղմացվեն:

Երեխաների վերընդունելությունը կկազմակերպվի ըստ ներքոհիշյալի:Նախադպրոցական կրթությունն ընդհատած երեխաներին կվերընդունեն այն հաստատությունները, որոնց խմբասենյակների տարածքը և պայմաններն ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն: Այս դեպքում առաջնահերթ կընդգրկվի այն երեխան, որի ծնողը՝

զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ,

1-ին կարգի հաշմանդամ է կամ ունի ծանր հիվանդության եզրակացություն,

ծնողներից մեկը մահացած է:Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց երկու ծնողը գրանցված աշխատող են:

Հերթագրված երեխաների ընդունելությունԱյն մանկապարտեզները, որոնք ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն, կկարողանան կազմակերպել նաև հերթագրված երեխաների ընդունելություն:

Այս դեպքում առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց ծնողը զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ:

Արտահերթ ընդունելության իրավունք ունեցող մյուս երեխաները կընդունվեն ըստ հերթագրման օրվա հաջորդականության:Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, երեխաների ընդունելությունը կկատարվի հերթագրման հաջորդականությամբ։

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ 2020 թվականի ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզներն առաջիկայում կվերաբացվեն, և մանկապարտեզներում երեխաների ընդգրկվածության պատկերը դրականորեն կփոխվի: Երևանի քաղաքապետարանը շարունակում է մշտական կապ պահպանել լիազոր գերատեսչությունների հետ: Համաճարակային իրավիճակի բարելավմանը զուգընթաց ակնկալվում են սահմանափակումների հետագա մեղմացումներ, որոնց մասին կտեղեկացնենք հանրությանը:

Երևանի քաղաքապետարան