Չեմ կարծում, թե Մուրադովն ինքնագլուխ է հայտարարություններ անում, այսպիսով փորձում է մասնակցել Հայաստանի ներքաղաքական խաղին. քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, ռազմագերիների վերադարձի հետ կապված Մուրադովը մեղադրեց Հայաստանի իշխանություններին, թե իբր կեղծ տեղեկություններ են տարածել գերիների վերադարձի մասին, ՀՀ իշխանություններն էլ սկսեցին տարբեր հայտարարություններ անել։ Դուք ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, սա հերթական հարվա՞ծն էր ՀՀ իշխանություններին:

– Հերթական հարվածն էր, որովհետև Հայաստանում կա մի քաղաքական կոնտինգենտ, որը առիթ է փնտրում իշխանություններին հարվածելու համար: Այս առումով նրանք ստացան հարվածելու ևս մեկ հնարավորություն և չեն հապաղում օգտվել դրանից:

Սակայն, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ այս իրավիճակը հետևանքն է այն ամբողջական գործընթացի, որ տեղի է ունենում, իսկ գործընթացի հիմքն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է ռազմագերիների հարցը Հայաստանից հետագայում ևս որոշ զիջումներ կորզելու համար:

Եվ դա օգտագործում է ոչ միայնակ և ոչ ամբողջապես իր պատասխանատվությամբ և իր ռիսկով, այլ նաև այլ դերակատարների մասնակցությամբ, ինչպիսիք են թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը:

Արդյունքում ունենք այն իրավիճակը, որն ունենք, երբ Պուտինը Փաշինյանի հետ կարող է պայմանավորվել մի բան, հետո արդյունքում ստանանք մեկ այլ բան, քանի որ Հայաստանը չի կարողանում իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործել, որպեսզի ստիպի մյուս կողմերին ևս հարգել ընդհանուր պայմանավորվածությունները: 

– Ըստ էության, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ռազմագերիների հարցում առաջընթաց կա, սա կարծես առաջին հարվածն էր՝ այդ հայտարարության դեմ ուղղված: Այսինքն՝ Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առոչի՞նչ էր:

– Պուտինի հետ պայմանավորվածությունը, չեմ կարծում, որ առոչինչ էր: Խնդիրը ոչ թե պայմանավորվածությունն էր, իմ կարծիքով, այլ այն պայմանավորվածությունները, որոնք հանրային իրազեկման մակարդակում չեն:

Այսինքն՝ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, նաև Հայաստանի մասնակցությամբ, սակայն այդ պայմանավորվածություններում հայկական կողմի շահերը ամբողջովին չեն ընդգրկվում կամ ընդգրկվում են, բայց հետո չեն իրականացվում:

Այստեղ հարկ է նշել, որ Հայաստանի արտաքին դիվանագիտությունը խնդիր ունի ավելի արդյունավետ դարձնելու իր աշխատանքները, և նաև քանի որ այս ուժերի մոտ Հայաստանը մենակ է մնացել, հավանաբար անհրաժեշտություն կա ներգրավելու նաև այլ կենտրոններ, որոնք որոշակիորեն կգործեն մեր շահերի համատեքստում, դա կարող է լինել թե՛ Եվրոպան, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Չինաստանը, և, ընդլայնելով շրջանակը՝ փորձել մեր շահերն ավելի արդյունավետ իրացնել, հակառակ դեպքում մենք անընդհատ բախվելու ենք այս երեք պետությունների շահերին:

– Մուրադովը, լինելով ռազմական գործիչ, Հայաստանի իշխանություններին գնահատականներ է տալիս, հայտարարում, որ կեղծ պրովոկացիա էր, Ձեր պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը: Եթե նա չունենար Կրեմլի աջակցությունը, կարո՞ղ էր նման վարք դրսևորել, դրա իրավունքն ունե՞ր:

– Այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, հնարավորություն չի տալիս, որ մենք խոսենք իրավունքների մասին հայտարարություններ անելու հետ կապված:

Հայաստանի սուբյեկտայնությունը բավականին բացասական զարգացում է ապրել, և ցանկացած մեկին, ում հարց ես տալիս, եթե նա ներկայացնում է Թուրքիան, Ռուսաստանը կամ Ադրբեջանը, կարող է նման արտահայտություններ անել:

Իհարկե, ես չեմ կարծում, թե Մուրադովը ինքնագլուխ է այդպիսի հայտարարություններ անում, ամենայն հավանականությամբ, նա ռուսական որոշակի շրջանակների կողմից պատվիրակված լինելու այդ իրավունքն ունի և այդպիսով փորձում է մասնակցել Հայաստանի ներքաղաքական խաղին ևս, բայց այստեղ ևս մեր բացթողումն է:

ՀՀ իշխանությունների խնդիրն է, որ երեք տարվա ընթացքում չլուծեցին այն հարցերը, որոնք անհրաժեշտ էին, որպեսզի Հայաստանի սուբյեկտայնությունը մնա որոշակի մակարդակի վրա, գոնե հիմա չեն իրականացնում այն բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է Հայաստանի սուբյեկտայնությունը որոշակիորեն ամրապնդեն:

Իսկ Մուրադովը կամ նրա նման մարդիկ, ինչպես նաև Ռուսաստանում ապրող և գործող հայազգի տարբեր գործիչներ՝ սկսած Արա Աբրահամյանից մինչև Մարգարիտա Սիմոնյաններ, տևական ժամանակ սեփական նախաձեռնությամբ նման արտահայտություններ անելու են և այդպիսով փորձելու են Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդեցություն գործել:

Թե Հայաստանի քաղաքական ուժերն ինչպե՛ս կկարողանան դիմագրավել այս մարտահրավերներին, արդեն կախված է ներքաղաքական զարգացումներից:

– Պարո՛ն Ղևոնդյան, իշխանության ներկայացուցիչներն ինչո՞ւ էին շտապում ռազմագերիների ժամանման հետ կապված հայտարարություններ անել, եթե հստակ որևէ բան չգիտեին:

– Սա ևս իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչների անփորձության և շտապողականության արդյունքն է: Նրանք փորձում էին այսքան խնդիրների մեջ մեկ դրական նորություն կապիտալացնել, սակայն դրանով է՛լ ավելի վատ վիճակի մեջ դրեցին իրենց և իրենց քաղաքական ուժին:

Սա նաև դրսևորումն է նրա, որ այս քաղաքական ուժի ներկայացուցիչներից շատերը չունեն քաղաքական գործչի փորձառություն, հմտություններ և ցանկացած իրավիճակում չեն կարողանում իրենց ճիշտ դրսևորել:

– Լուրեր են շրջանառվում, որ ռազմագերիների վերադարձը կարող է Մեղրին կամ Կարմիր Շուկան արժենալ: Հավանական համարո՞ւմ եք այդպիսի սցենար:

– Բնական է, որ թշնամին փորձելու է առավելագույնը ստանալ՝ ռազմագերիների հարցը խաղարկելով, և Հայաստանն ուղղակի պետք է փորձի իր շահերը հնարավորինս ավելի լավ իրացնել և հնարավորություն չտալ թշնամուն այդ հարցերը խաղարկելով ստանալ այնպիսի շոշափելի «փոխհատուցում», ինչպիսին Մեղրին կամ Կարմիր Շուկան են:

Մեզ պետք է ռազմավարություն, այդ թվում նաև՝ անվտանգության ոլորտում, ինչի մասին մեր քաղաքական ուժը արդեն քանի տարի ասում է, բայց ամեն ինչ մնում է օդի մեջ:

Մանե Հարությունյան

MediaLab.am