«Միանշանակ, առնվազն մասնակցություն ենք ունենալու նոր իշխանության ձևավորման մեջ». Արսեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Պատիվ ունեմ» դաշինքի («Հայրենիք» և ՀՀԿ կուսակցությունների դաշինք) պատգամավորության թեկնածու Արսեն Բաբայանը

–Պարո՛ն Բաբայան, Ձեր դաշինքի պատգամավորի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու կասկածանքով: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ փաստը:

-Իշխանությունը հինգ օրից ավելի է ինչ քրեական քողի տակ քաղաքական ռեպրեսիաների է ենթարկում մեր դաշինքի անդամներին: Մասնավորապես բարձի տակից հանում են ինչ-որ գործեր, օրինակ՝ նոյեմբերի 11-ին հարուցված մի գործ կար և մինչ օրս այդ գործով ինձ որևէ անգամ չէին էլ կանչել հարցաքննության:

Հիմա այդ գործով մեր դաշինքի անդամներին և ակտիվ մասնակիցներին պարբերաբար կանչում են հարցաքննությունների, հաշիվների վրա են արգելանքներ դրել՝ առանց մեզ ծանուցելու, ապօրինի ձևով:

Ռուբեն Խլղաթյանի ձերբակալությունն էլ այդ նույն շրջանակներում է և նրա նկատմամբ սա արդեն երկրորդ անգամ իրականացվող քաղաքական հետապնդումն է: Եթե նախորդի դեպքում չկարողացան ձերբակալել, ապա այս անգամ՝ վարույթ իրականացնող մարմնի հատուկ ընտրությամբ, որը անվերապահորեն կկատարի բոլոր հանցավոր հրամանները, հաջողվեց ձերբակալել Խլղաթյանին:

Այս գործը պետք է քններ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, ենթադրում ենք, որ այնտեղ ամեն դեպքում եղել են մարդիկ, որոնք բացատրել են, որ այդ գործը ընդհանրապես, գոյություն չունի և հրաժարվել են այն քննել: Հիմա այն գտնվում է Արմավիրի մարզի քննչականի բաժնում: Ընտրակաշառք տալու փորձի մասին են ասում, մինչդեռ որևէ փաստ, որևէ հիմք գոյություն չունի:

Իրենք տեսնում են, որ մեր քարոզչությունը լուրջ արդյունք է տալիս, որ մեր ռեյտինգն աճում է ու որոշել են այդպես խոչընդոտել մեր քարոզչությանը, բայց չի ստացվելու:

-Իսկ քարոզարշավի ընթացքում մարդկանց հետ շփումներից հետո ինչպե՞ս եք գնահատում Ձեր դաշինքի շանսերը և այդ շփումների արդյունավետությունը:

-Միանշանակ մենք ստանձնելու ենք իշխանություն, այսինքն՝ առնվազն  մասնակցություն ենք ունենալու նոր  իշխանության ձևավորման մեջ:

Այս վստահությունը եկել է մարդկանց հետ շփումներից, նրանց բարձրացրած հարցերից, մեր առաջարկած լուծումներից, մեր նկատմամբ ունեցած սիրուց, հարգանքից և ընդհանրապես, մարդկանց մտածողությունից:

Մարզային և Երևան քաղաքում մեր ունեցած բոլոր հանդիպումները վկայում են, որ կապիտուլյանտ իշխանությունը որևէ շանս չունի այլևս Հայաստանի Հանրապետությունում ունենալ իշխանություն:

-Պարո՛ն Բաբայան, քննարկման առիթ դարձավ երրորդ նախագահի հրապարակած ձայնագրությունը: Իշխանության ներկայացուցիչները, կարծես, ոգևորվեցին դրանից, ոմանք շնորհակալություն հայտնեցին Սարգսյանին: Դուք ի՞նչ կարծիքի եք, այդ ձայնագրությունը օգնե՞ց, թե՞ վնասեց Նիկոլ Փաշինյանին:

-Դա իշխանության կողմից տարածվող տեսակետ է, և կապիտուլյանտն անձամբ դրա մասին խոսեց իր քարոզչության ժամանակ: Ակնհայտ է, որ այդ ձայնագրությունը հաստատում է այն, ինչ մենք ասում էինք պատերազմից հետո և նաև դրանից առաջ: Սա վկայությունն է այն հանգամանքի, որ այս կապիտուլյանտը նախկին բոլոր բանակցությունները զրոյացրել է և սկսել է իր կետից՝ իրեն գժի տեղ դնելով: Սա իր բառերն են:

Ըստ ձայնագրության, իրեն ասում են, որ Ալիևը երազել անգամ չի կարող, որ երբևէ Արցախը կլինի Ադրբեջանի կազմում: Փաստորեն նրան դուր չի եկել այդ հանգամանքը, և նա ամեն ինչ արել է, որ Ալիևը՝ թեկուզ պատերազմի ճանապարհով, գրավի Արցախը:

-Նմանտիպ ձայնագրություններ հնարավո՞ր է՝ էլի հրապարակվեն առաջիկայում: Նաև շատ է խոսվում այն մասին, որ Սերժ Սարգսյանը ևս սկսել է բավական ագրեսիվ ու վիրավորական արտահայտություններով համեմված քարոզարշավ իրականացնել: Ինչո՞ւ, պարո՛ն Բաբայան:

-Պիտի ասեմ, որ նախագահին հանդիպելու և լսելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել իմ քաղաքական ծառայության ընթացքում: ՀՀ երրոորդ նախագահին երբեք այդ աստիճան ջղայնացած չեմ տեսել, բայց սա նաև օբյեկտիվ է և տրամաբանական, որովհետև մարդը, որն ամբողջ կյանքում պայքարել է մեր հայրենիքի համար, հիմա եկել են և այդ մարդուց խլել են իր պաշտպանածը: Մեր բոլորից են խլել: Բնականաբար, համբերության բաժակը լցվել է:

Իսկ կլինե՞ն արդյոք նոր ձայնագրություններ կամ փաստեր, չեմ ուզում տպավորություն թողնել, թե շատ տեղեկացված եմ այդպիսի փաստերից, բայց կարող եմ մեջբերել նորից նախագահի խոսքը, որ, եթե անցնեն սահմանները, ապա մենք ստիպված կլինենք որոշակի կարմիր գծեր հատել:

Մասնավորապես հանդիպման ժամանակ՝ նախագահն ասաց, որ թեև ինքը խոսել էր նրա ու նրա ընտանիքի անբարոյականության մասին, այնուամենայնիվ, չեմ մտնի այդ դաշտ և, դուք գիտեք, որ նա ընտանիքի դաշտ չի մտնում: Բայց, եթե շարունակվի այս ստորությունը, ապա մենք ստիպված կլինենք մտածել որոշակի կարմիր գծեր հատելու մասին:

-Շատ քննարկվեց նաև Ձեր դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի մոսկովայն այցն ու հարցազրույցը: Ոմանք նշեցին, որ Վանեցյանը Մոսկվային հավատարմության կամ հպատակության երդումներ տալու էր գնացել: Ձեր մեկնաբանությունը խնդրեմ:

-Դաշինքի նախընտրական ծրագրում հստակ շեշտված է, որ մեր դաշնակից պետության հետ մեր հարաբերությունները պետք է հասցնել ամենաբարձր մակարդակի, ինչ-որ մենք ունեցել ենք, մինչ այս իշխանությունների գալը:

Բնականաբար, կլինեն այդպիսի շահարկումներ իշխանության և հատկապես այն իշխանության կողմից, որը  ՀՀ-ն դարձրել է Ռուսաստանի սապոգ լիզողը: Նրանք հիմա փորձում  են ուրիշներին այդպիսի մեղադրանքներ ներկայացնել: Մեր ուժը Հայաստանի Հանրապետությունն է և մեր ուժը, այո՛, ձախ դաշնակիցների հետ լավ հարաբերություններն են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am