Ընթացքի մեջ է Երևանի թիվ 6 դպրոցի վերակառուցումը

Ակտիվ ընթացքի մեջ են սփյուռքահայ գրող, հրապարակախոս Հակոբ Կարապենցի անվան Երևանի թիվ 6 դպրոցի վերակառուցման աշխատանքները։ Դպրոցը հիմնադրվել է 1936 թվականին, տարիների ընթացքում շենքում իրականացվել են միայն մասնակի նորոգման և ներքին հարդարման աշխատանքներ։ Կառույցի հիմքերը խարխլվել էին, և սեյսմակայունության տեսանկյունից խիստ վտանգավոր էր դարձել դասապրոցեսի կազմակերպումը։

Հետաքրքրական է դպրոցի պատմությունը․ Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը դարձել է զինվորական հոսպիտալ, ուսուցիչներից շատերն աշխատել են որպես կրտսեր բժիշկներ։ Ժամանակին դպրոցը կրել է, Տերյանի, ապա նաև Իսահակյանի անունը։

Հաշվի առնելով պատմությունը` շինարարի առջև խնդիր է դրվել` պահպանել շենքի դիմային հատվածը, որն իրենից պատմամշակութային արժեք է ներկայացնում։ Մյուս առումներով` դպրոցի կառուցումն ընթանում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի տրամաբանությամբ։ Առաջին և ամենակարևոր խնդիրը սեյսմակայունությունն է. նոր կառուցվող շենքը կդիմանա մինչև 9 բալ ուժգնության երկրաշարժի դեպքում, և որ ոչ պակաս կարևոր է` լիարժեք հարմարեցված կլինի ներառական կրթության համար։ Հարմարավետ դասասենյակները, մարզադահլիճը, միջոցառումների սրահը հարմարեցված լաբորատորիաները ևս կլինեն նորակառույց դպրոցի այցեքարտերը։

Մոտ հազար աշակերտի համար նախատեսվող նոր դպրոցի շինարարությունը կարժենա շուրջ 1 միլիարդ 91 միլիոն դրամ, որը տրամադրվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։

Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։