Քյարամյանին մի քանի ժամով ՔԿ-ում նշանակելը, հետո ազատել, ԱԱԾ տեղափոխելը աննախադեպ չէ Հայաստանի պատմության մեջ․ Էդգար Շաթիրյան

«Մեդիալաբի» հարցազրույցը իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանի հետ

– Պարո՛ն Շաթիրյան, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Արգիշտի Քյարամյանը երեկ ազատվեց պաշտոնից, նշանակվեց ՔԿ նախագահի տեղակալ, մի քանի ժամ անց նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Այս գործընթացը հանրության շրջանում բուռն քննարկումների տեղիք տվեց, անհասկանալի իրավիճակ էր ստեղծվել։ Դուք՝ որպես իրավաբան, կբացատրե՞ք՝ ինչ գործընթաց էր սա։ 

– Բնականաբար, համապատասխան ընթացակարգերը նախատեսվել են գործող իրավակարգավորումներին համապատասխան։ Պարոն Քյարամյանը զբաղեցրել է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշոնը՝ միաժամանակ հանդիսանալով պետի պաշտոնակատար։ 

Նրան պաշտոնից ազատելու իրավասությունը վերապահված է հանրապետության վարչապետին, քանզի ՊՎԾ-ն վարչապետին ենթակա մարմին է։ Այնուհետև նա նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում, պաշտոնավարել է մոտավոր հաշվարկով մեկ օր, ինչից հետո այսօր նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Այդպիսի կանոնակարգումները նախատեսված են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքով։ 

Ինչ վերաբերում է կոնկրետ ԱԱԾ տնօրենի տեղակալին ներկայացվող պահանջներին, ապա դրանք հստակեցված են նույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով, և առաջին հայացքից համապատասխան պաշտոնում նշանակված անձը այդ պահանջներին չի բավարարում։ 

Բայց առաջին հայացքից, որովհետև 19-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին մասով սահմանվում է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում կարող են նշանակվել նաև պաշտոնավարող ու նախկինում պաշտոնավարած սուբյեկտները։ 

– Իսկ Քննչական կոմիտեի պարագա՞ն, ինչո՞ւ նա նշանակվեց ՔԿ նախագահի տեղակալ, դա ինչ-որ ցատկահարթա՞կ էր ԱԱԾ գնալու համար։

– Դա կարելի է այդպես գնահատել, բայց պարոն Քյարամյանի կենսագրությունից պարզ է դառնում, որ նա որոշակի ժամանակահատված պաշտոնավարել է ՊԵԿ-ում՝ որպես վարչության պետի տեղակալ, վարչության պետ, պաշտոնավարել է դատախազությունում, այնուհետև՝ ՊՎԾ-ում։ 

Այսինքն՝ այստեղ շեշտադրումը կատարել միմիայն ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնի վրա, այնքան էլ տեղին չէ։ Իհարկե, երեկվա նշանակումը, այսօր արդեն այդ պաշտոնից ազատումը ինքնանպատակ չէր։ Ամբողջ պրոցեսի իմաստն այն է եղել, որ գործընթացը համապատասխանեցվի գործող օրինադրույթներին, իրավակարգավորումներին։ 

– Իսկ նորմա՞լ է մի քանի ժամով նշանակվելը, հետո ազատվելը։

– Ձեռնպահ կմնամ գնահատականներ հնչեցնելուց, որովհետև ամեն դեպքում թե՛ համապատասխան պաշտոններում նշանակելը, թե՛ պաշտոններից ազատելը համապատասխան սուբյեկտների իրավասության ներքո է։ 

Ընդամենը կցանկանամ ասել, որ սա չի կարելի գնահատել աննախադեպ երևույթ Հայաստանի պատմության մեջ, որովհետև երջանկահիշատակ պարոն Կուտոյանի մասով մենք նման իրավիճակի ականատես եղել ենք։ Այսինքն՝ անձը նշանակվել է մի պաշտոնում, հետո տեղափոխվել է այլ համակարգ։

– Եթե նշանակվող անձը համակարգի, այս դեպքում՝ ԱԱԾ համակարգի ներկայացուցիչ չէ, կարելի՞ է այդ նշանակումը համարել քաղաքական նշանակում։

– ԱԱԾ-ն խարսխված է պրոֆեսիոնալիզմի վրա, բայց այս դեպքում խոսքը մարմնի ղեկավարի տեղակալի մասին է։ Այսինքն՝ մարմնի ղեկավարի ու նրա տեղակալի մասով այդուհանդերձ չենք կարող անտեսել որոշակի առանձնահատկություններ։ Այդ թվում՝ քաղաքական նպատակահարմարության հարցը։ Այսինքն՝ այստեղ քաղաքական գործոնը բացառելը տեղին չէ։

– Քյարամյանը երիտասարդ է, և, օրինակ՝ ձեզ հույս ներշնչո՞ւմ է նրա թեկնածությունը։

– Անկեղծ լինեմ՝ պարոն Քյարամյանին ես անձամբ եմ ճանաչում, բայց ոչ ի պաշտոնե, որ վերջին տարիներին առիթ ունեցել եմ նրա հետ շփվելու, այլ այն պատճառով, որ դասավանդել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, և իմ դասախոսական գործունեության ընթացքում հնարավորություն եմ ունեցել դասավանդել նաև պարոն Քյարամյանին։ 

Բնականաբար, ես՝ որպես դասախոս, ինքը՝ որպես ուսանող։ Նրան ճանաչում եմ որպես պարկեշտ ուսանողի և որևէ ավելորդ բան չեմ նկատել։ Անկեղծ չեմ լինի, եթե սկսեմ ոչ դրական բնութագրումներ տալ։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am