Միջազգային գործընկերների և Հայաստանի դիրքորոշումները նույնական են՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը. Փաշինյան

ՀՀ տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների ներխուժումից հետո ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել ու արվում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում նման գնահատական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Ադրբեջանի գործողությունների դատապարտման և ԶՈՒ դուրսբերման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

«Դրա կարևոր վկայություններից է նաև այն, որ այսօր կառավարության նիստում Արտաքին գործերի նախարարի  տեղը թափուր է, որովհետև ԱԳՆ մեր գործընկերները հենց այս պահին օպերատիվ զբաղվում են այդ աշխատանքով: Պետք է արձանագրեմ, որ այս պահի դրությամբ դիվանագիտական աշխատանքը համարում եմ արդյունավետ: Ընդ որում, ոչ միայն ԱԳՆ-ի գործընկերներն են դիվանագիտական աշխատանք տանում այդ ուղղությամբ, այլև Պաշտպանության նախարարությունը, փոխվարչապետները»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ աշխատանքը համարում է հաջողված, որովհետև միջազգային գործընկերների և Հայաստանի դիրքորոշումները, ըստ էության, նույնական են. այն է՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր՝ մոտ 500-600 հոգի, շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ: