«Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի». ԱԱԾ-ն առաջարկում է արդիականացնել պետական գաղտնիքի մասին օրենքը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը որոշել է արդիականացնել պետական գաղտնիքին վերաբերող օրենսդրությունը և հանրային քննարկման է ներկայացրել «Պետական գաղտնիքի մասին» օրենքի ու հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը փոխելու անհրաժեշտությունն առաջացել է 2020-ի պատերազմի թեժ պահերին, և վարչապետի հոկտեմբերի 30-ի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը համապատասխան մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա մշակել է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը:

«Առաջարկվում է արդիականացնել 1996 թվականին ընդունված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը՝ այն համապատասխանեցնելով ներկայիս իրավական և միջազգային պահանջներին»,- հիմնավորում են ԱԱԾ-ից:

Այսպես՝ նախ ԱԱԾ-ն առաջարկում է փոխել օրենքի անվանումը, ոչ թե «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», այլ՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենք: Բացի այդ, նախագծում այլևս չի կիրառվում «ծառայողական գաղտնիք» հասկացությունը, և «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները ևս կդասվեն պետական գաղտնիքի շարքին:

Նոր օրենքի նախագծում հստակեցվում են գաղտնիության աստիճանի, գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության, գաղտնի տեղեկությունների պահպանության միջոցների, գաղտնիության դրոշմագրի ու նման մյուս հասկացությունների սահմանումները: 

Օրինակ՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություն կամ գաղտնի տեղեկություն համարվում է ցանկացած տեղեկություն, արտադրանք կամ նյութ, որը ստացել է համապատասխան նշում, պաշտպանվում է պետության կողմից, և որի տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին:

Իսկ ահա պետական գաղտնիք կարող է համարվել այն տեղեկությունը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերություններին կամ տնտեսությանը, գիտության և տեխնիկայի կամ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառներին: Այդ տեղեկությունները տվյալ օրենքով պահպանվում և պաշտպանվում են պետության կողմից, և դրանց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին:

Սահմանվում է նաև սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն հասկացությունը, որը Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող այնպիսի տեղեկությունն է, որը պետական գաղտնիք չէ, բայց դրա տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին հարաբերություններին, քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին: Նշվում է, որ այդ տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, արտադրանք կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը:

Գաղտնի նյութը կարող է ունենալ հետևյալ աստիճանի նշումները՝ «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի»:

Պետական գաղտնիքի տնօրինման հետ կապված բոլոր գործառույթները օրենքի նախագծով վերապահվում են ՀՀ Կառավարությանը: Այսինքն՝ Կառավարությունն է որոշում՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման կարգը, այդպիսի թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ ստուգողական միջոցառումներ իրականացնելու կարգը, այդպիսի թույլտվություն ունեցող անձանց պարտականությունները և սահմանափակումները: Բացի այդ, սահմանում է ռազմական կամ արտակարգ դրության, ինչպես նաև օտարերկրյա պետություններ գործուղման կամ մասնավոր այցելությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը, սահմանում է գաղտնիության ռեժիմի ապահովման խախտումների դեպքում ծառայողական քննության անցկացման կարգը:

Առաջարկվող նոր կարգավորումների համաձայն` Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի՝ պետական գաղտնիքին առնչվելու թույլտվությունը երաշխավորվում է այդ պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո:

Իսկ ահա այն պաշտոնյաները, որոնք լիազորություն ունեն առնչվել պետական գաղտնիքին, նշանակումից հետո մեկամսյա ժամկետում պարտավոր են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և գրավոր համաձայնություն` պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ստանալու համար: Եթե սահմանված ժամկետում փաստաթղթեր չեն ներկայացնում, ապա չեն ստանում պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն: Նրանք, ըստ օրենքի, ազատվում են պաշտոնից:

Նախագծով փոփոխության է ենթարկել նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունք ունեցող կամ նախկինում ունեցած քաղաքացիների իրավունքների սահմանափակման շրջանակը: Մասնավորապես, սահմանվել է, որ պետական գաղտնիք պարունակող` «Հատուկ կարևորության» և «Հույժ գաղտնի» տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձն օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում պարտավոր է էլեկտրոնային հարթակի միջոցով նախապես` մեկնելուց առնվազն 15 օր առաջ, Կառավարության կողմից սահմանված կարգով տեղեկացնել լիազոր մարմնին: Բացառիկ դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջացել անհապաղ մեկնելու, անձը կարող է լիազոր մարմնին տեղեկացնել վերադառնալուց հետո 7 օրվա ընթացքում` միաժամանակ հիմնավորելով անհապաղ մեկնելու անհրաժեշտությունը և լիազոր մարմնին նախապես չտեղեկացնելու պատճառները:

«Պետական գաղտնիքի մասին» օրենքին կից ներկայացվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է խստացնել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները ապօրինի ձեռք բերելու ու հանրայնացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am