Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման հետ կապված Հայաստանում հաստատվել է բավականին ծանր իրավիճակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առցանց ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ըստ էության, կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք։ Վերջին շրջանում մեր քննարկման թեման իրավիճակի պատճառները հասկանալն է և քննելը։ Մի քանի օր շարունակ քննարկում ենք հետևյալ հարցը՝ թե ինչքանով է պարետատան կողմից սահմանված կանոնները համապատասխանում իրավիճակին և ինչքանով դրանք կարող են լինել ունիվերսալ։ Մեր բազմակողմանի այդ մասնագիտական քննարկումների եզրակացությունը միանշնակ է, որ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին և իրենք բովանդակային առումով էֆեկտիվ են, և խնդիրը այստեղ մնում է այդ կանոնների պահպանումը»,- ընդգծեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը խնդիր է տեսնում պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման որակի հետ։
«Գիտեք, որ պարետատունը կանոններ է սահմանել տնտեսական գործունեության ամենատարբեր ոլորտների և ընդհանրապես հանրային կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ, բայց այդ բոլոր կանոններից կա մի համընդհանուր կանոն՝ ձեռքերի պարբերաբար ախտահանումը, դիմակի կրումը ամենուր, որտեղ հնարավոր է և սոցիալական հեռավորության պահպանումը»,- ընդգծեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը վստահ է, որ այս կանոնների պահպանման դեպքում մեր համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ կձգտի զրոյին։
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 52 554 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք և 75 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 91 դեպք: