«Ոչ թե ապրում ենք, այլև գոյատևում, որ մեղավորներն իրանց պատիժը ստանան». որդեկորույս մայրն ասում է՝ որդին գուցե չզոհվեր, եթե տղաներին սխալ հրաման չտրվեր

«Ոչ թե ապրում ենք, այլև գոյատևում, որ մեղավորներն իրանց պատիժը ստանան, գլխիվայր շուռ եկավ մեր կյանքը»,- հուզմունքով ասում է 46-ամյա Քրիստինա Ազատյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է որդուն։ 

Քրիստինայի խոսքով՝ որդին գուցե չզոհվեր, եթե տղաներին սխալ հրաման չտրվեր, հրետանին առաջնագիծ ունենար, և հրամանատարները չփախչեին մարտի դաշտից՝ տղաներին մենակ թողնելով հակառակորդի դեմ։

«Անիմաստ զոհ են տվել էրեխեքին հրամանատարների անփութության թե դավաճանության հետևանքով, դա էլ փորձաքննությունը ցույց կտա։ Ահավոր ցավ ա, որ հասկանում ես՝ իրանց սխալի պատճառով չկան, ուրիշ՝ ա կռվի դաշտում, բայց որ անիմաստ հանձնել են էրեխեքին,- ասում է որդեկորույս մայրը և շարունակում պատմել ծնողների հավաքված տեղեկատվությունը: – Տղաները նկատել են՝ հակառակորդը մոտենում է, բունկերից հրաման են տվել՝ չկրակե՛ք, մերոնք են, տղաներն ասել են՝ ոնց որ մերոնք չեն, ասել են՝ չէ՛, հաստատ մերոնք են, չկրակե՛ք։ Հետո արդեն հրաման են տվել՝ ով ոնց կարա դուրս եկեք, հրամանատարները փախել են, 19 երեխաները զոհվել են, այդ թվում՝ Դավիթս»։

19-ամյա Դավիթ Ազատյանը 2020 թ. սեպտեմբերի 27-ին, հանդիսանալով առաջին հրետանային մարտկոցի կառավարման դասակի կապի ջոկի հրամանատար, մարտական գործողությունների ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել Վազգենաշենում, Հադրութի շրջանի 9-րդ կիլոմետր կոչվող հատվածում՝ Ջուվառլու կոչվող բնակավայրում: Հակառակորդին պատճառել է զրահատեխնիկայի, յոթ անվավոր տեխնիկայի, հրետանային կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստներ։

Քրիստինայի խոսքով՝ շուրջ 15 օր հակառակորդի դեմ պայքար մղելով՝ հոկտեմբերի 12-ին որդին՝ Ստեփանակերտի Ցոր զորամասի զինծառայող, սերժանտ Դավիթ Ազատյանը իր ընկերների հետ Ջուվառլու կոչվող բնակավայրում մնացել է մենակ դիվերսիոն խմբի՝ հակառակորդի հատուկջոկատայինների դեմ պայքարում և զոհվել։

«Իմ որդին պետք ա լիներ Գևորգ Գևորգյանի մեքենայի մեջ, ասել են՝ գնացել ա ռացիան վերցնի, ու չեն սպասել, բայց անգամ վազող էրեխեքին չեն սպասել։ Էրեխեքից որը կարողացել ա՝ փախել ա»։

Այս դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանի նկատմամբ՝ հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: 

Նա, ըստ մեղադրանքի, 2020 թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 6-ի սահմաններում (Վարանդայի) Ֆիզուլիի շրջանում գտնվող Ջուվառլու կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում «ԳԱԶ» մակնիշի զինմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել: Ըստ այս որոշման, Գևորգյանի նման գործողությունները հասցրել են ծանր վնաս, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ:

 Գևորգ Գևորգյանը իր մեղքը չի ընդունել։

Այս դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

https://www.aravot.am/2022/09/02/1288590/

Դավիթ Ազատյանի մայրն ասում է՝ մասնակցում են բոլոր դատական նիստերին, հույս ունի, որ բոլոր մեղավորները կկրեն իրենց պատիժը։

Պատերազմից մեկ տարի անց միայն՝ 2021-ի. նոյեմբերի 2-ին, Դավիթի և իր 10 ընկերների աճյունները փոխանցվել են հայկական կողմին: Դեկտեմբերի 3-ին տղաներին հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Քրիստինան ասում է՝ քանի որ մեկ տարի շարունակ որդուց լուր չեն ունեցել, այն հույսով են ապրել, որ որդին կգտնվի։ Այդ ընթացքում անգամ խարդախության զոհ են դարձել, 3200 դոլար են վճարել իրենց հետ կապ հաստատած անձին, որը հավատացրել է, թե Դավիթը ողջ է, գերության մեջ, և գումարի դիմաց երրորդ երկրի միջոցով կապահովի նրա հայրենիք վերադարձը։

«Հիմա կալանավորված ա Ազատ Հարությունանը, բացի մեզանից, էլի տուժողներ կան։ Ինքը մեղքն ընդունել ա»։

Որդեկորույս մայրն ասում է՝ մինչև ԴՆԹ հետազոտության պատասխանը դեռ հույս ուներ, որ որդին ողջ է, քանի որ տղան ճարպիկ էր, շատ կազմակերպված, և մոր մտքով չէր անցնի, որ նման ողբերգական դեպք կպատահի որդու հետ։

«Չէինք սպասում։ Մինչև վերջ էլ չէի հավատում, իրեն ճանաչելով՝ հանգիստ էի, 3 ամիս էր մնացել, որ զորացրվեր, բայց չհասցրեց․․․»- հուզմունքով ասում է Քրիստինան։

Մոր խոսքով՝ որդին շատ ընդունակ էր, սիրում էր սովորել, դպրոցը փայլուն ավարտել էր, 2015-ին ընդունվել Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ֆինանսներ բաժինը: 

Միաժամանակ ուսումնասիրել է ծրագրավորման լեզուներ: 2018-ին քոլեջն ավարտել է կարմիր վկայականով և ընդունվել Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ բաժինը։

«Փայլուն հիշողություն ուներ, 2 տարեկանից խոսում էր անգլերեն, հայերեն, ռուսերեն, երգում էր, տանը գիրք չէր բացում, պատմելով հիշում էր։ Ինչ անում էր, միանգամից ստացվում էր, երբեք ոչ մի առարկա լրացուցիչ չի պարապել, փայլում էր մաթեմատիկայից, ռուսերենից»,- պատմում է մայրն ու նշում, որ որդին սիրում էր նաև սպորտը՝ լողը և պարը։

«10 տարեկանից հաճախել է պարի դպրոց (break dance AlekStyle), խմբի ամենապողպատյա պարողն էր (B-boy Panzer), և լողի խմբակ: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, մրցանակների արժացել»,- ասում է Քրիստինան։

Որդու զոհվելուց հետո Ազատյանների կյանքը ամբողջությամբ փոխվել է, դատարկվել։

Քրիստինան ասում է՝ ճանաչողները բոլորը սիրում էին որդուն. «Դասարանում չորս Դավիթ է եղել, իրան միշտ առանձնահատուկ սիրով են սիրել, ուսուցչուհին միշտ ասում ա՝ Դավիթս։ Դպրոցում հուշատախտակ ա բացվել, Դավիթի նկարը փակցված ա»,- հուզմունքով հավելում է մայրը։

Արցախի նախագահի հրամանագրով Դավիթ Ազատյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ թեժ մարտերի ժամանակ ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար։

Արփինե Արզումանյան

MediaLab.am