Արաբկիրում քանդվում են համայնքային հողամասերում գտնվող ապօրինի ավտոտնակները․ քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց և Ա․Խաչատրյան փողոցների հարևանությամբ ընթանում են համայնքային հողամասերում առանց համապատասխան թույլտվության տեղակայված ավտոտնակների քանդման աշխատանքները։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում հարուցվել էր վարչական վարույթ՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի «Բ» կետի։ Կայացվել են նաև Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներ։

Հարկ է նշել, որ ավտոտնակների գտնվելու վայրը ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի՝ «Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» հ․ 2143-Ն որոշմամբ արդեն իսկ ընդգրկված է հանրության գերակա շահ ճանաչված տարածքների ցանկում։

Համայնքային հողամասը շինություններից ազատելուն կհաջորդի Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցումը, որի նպատակը Կոմիտասի պողոտայով երթևեկությունն զգալիորեն բեռնաթափելն է: