«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը
– Պարո՛ն Սուքիասյան, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Հայաստանը դրական է գնահատում Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումը Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ, կարծիք հայտնելով, որ բանակցությունների ինտենսիվությունը պահելու դեպքում հնարավորություն կա, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել։ Ընթացող բանակցություններն ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում արդյունավետության տեսանկյունից, խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսակա՞ն է ձեզ համար։
– Բանակցությունները՝ որպես գործընթաց, ինքնին կարևոր են և պետք են, բայց պետք է նկատի ունենանք, որ արևմտյան հարթակում ընթացող բանակցություններն են լավ մեզ համար, ռուսականը՝ ոչ։ Պատերազմից հետո երկու տարի է՝ Հայաստանը բանակցում է ռուսական ձևաչափում և ունի բացասական արդյունք․ Հայաստանը բանակցել է Ռուսաստանի հետ, մեզանից վերցրել են Սև լիճը, Վարդենիսի, Ջերմուկի բարձունքները, արգելափակել են Լաչինի միջանցքը։ Սրանք ռուսական ձևաչափում բանակցածի հետևանքն են։
Արևմտյան ձևաչափով, կոնկրետ՝ Շառլ Միշելի ղեկավարությամբ, Հայաստանը գոնե կարողացել է Ադրբեջանից կորզել իր տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը։ Գիտեք, որ նոյեմբերի 9-ից հետո ոչ միայն Արցախի շուրջ ստեղծվեց նոր ռազմաքաղաքական իրողություն, այլև Հայաստանի շուրջ, որովհետև այդ եռակողմ հայտարարությամբ Հայաստանը հայտարարվեց սահմաններ չունեցող պետություն:
Նման պետություն հայտարարվեց իհարկե նաև Ադրբեջանը, բայց քանի որ ռուս-թուրքական դաշնակցության ուժեղ կողմն Ադրբեջանն էր, նա այդ պատրվակն անընդհատ օգտագործում էր՝ սողոսկելու Հայաստանի տարածք։
Քանի որ արևմտյան ձևաչափում կարողացել են կորզել տարածքային ամբողջականության ճանաչումը, որոշակի իմաստով սահմանափակվել են Ադրբեջանի այլանդակությունները Հայաստանի տարածքի դեմ, իսկ սա արդյունք է։
Քիշնևյան ձևաչափը կարող էր մեզ համար լավ լինել այնքանով, որ այնտեղ էր Մակրոնը, որն արդար դիրքորոշում է որդեգրել, Շոլցն էլ ժամանակին հայտարարեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքը ոչ ոք չի չեղարկել, հետևապես դա ևս վատ արդյունք չէ։
Մինչ այս հանդիպումը տեղի ունեցած հանդիպման ժամանակ էլ Միշելը հայտարարեց, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց նաև Ադրբեջանը պետք է Ստեփանակերտի հետ նստի բանակցելու, սա ևս արդյունք է։
Այսինքն՝ այս ֆորմատում Հայաստանն արդյունք ունի, դրա համար կարծում եմ, և դա է հույսը, որ այստեղ կարող ենք գալ խաղաղության պայմանագրի կնքմանը, բայց ես իշխանության լավատեսությունը չունեմ, որովհետև օբյեկտիվ իրականությունը ցույց չի տալիս, որ խաղաղության պայմանագիրը մոտ ապագայում կկնքվի։ Դա հնարավոր է այն ժամանակ, երբ Ռուսաստանը վերջնականապես գնա այստեղից:
Պետք է նկատել նաև, որ այս բանակցություններն արդյունք տվեցին այն ժամանակ, երբ Ռուսաստանը թուլացավ՝ ուկրաինական պատերազմով պայմանավորված: Մինչ այդ տարածաշրջանը գտնվում էր ռուս-թուրքական խիստ վերահսկողության տակ, դրա համար Ադրբեջանն ուներ ազատություն, մանևրի մեծ հնարավորություն։ Քանի դեռ Ռուսաստանը թուլացել է, Թուրքիան խնդիրներ ունի՝ երկրաշարժի հետևանքներով պայմանավորված, սրանք Հայաստանի համար պատուհան են, որ կարողանա այլ բևեռների հետ աշխատել։
– Որպես ձեռքբերում ասացիք, որ Հայաստանին հաջողվել է Ադրբեջանից կորզել այն, որ վերջինս ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի 29.800 քկմ տարածքի ճանաչումը հրապարակային հաստատելու կարիք կա։
– Ադրբեջանի նախագահը Շառլ Միշելի հետ բանակցություններից հետո Միշելի ասածները չի հերքել, հետևապես դա հրապարակային հայտարարության ընդունում է: Արտգործնախարարը սխալ է ասում, նա հակառակը պետք է ասեր, որ եթե Ադրբեջանի նախագահը կողմ չէր այդ հայտարարությանը՝ պետք է հերքեր։
– Միրզոյանն ասել է, որ հերքում չի եղել, բայց, այնուամենայնիվ, նա տեսնում է անհրաժեշտությունը, որ Ալիևը հրապարակային հաստատի իր դիրքորոշումը։
– Բայց ԵԱՏՄ գագաթնաժողովին Ալիևը հայտարարեց, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և որևէ տարածքային պահանջ չունի։ Հիմա մեր արտգործնախարարն ուզում է, որ 45 անգա՞մ հայտարարեն, որ մենք համոզվենք՝ Ադրբեջանն ընդունում է կամ չի ընդունում։
Կարևորն այն է, որ Հայաստանը միջազգային դերակատարների մոտ, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ Եվրամիության նախագահի շուրթերով Ադրբեջանից կորզել է տարածքային ամբողջականության ճանաչման փաստը։
Մեր նպատակը չպետք է լինի Ադրբեջանի հայտարարություններին հասնելը, գլխավորը Միշելի հայտարարությունն է, ու Հայաստանը գիշեր-ցերեկ այդ հայտարարությունը պետք է գովազդի, որպեսզի նաև ԵՄ-ի վրա ընկնի պատասխանատվությունը, որովհետև Ալիևից պատասխանատվություն սպասելն աբսուրդ է։
– «Անկլավների» մասով Արարատ Միրզոյանն ասաց, որ դրանք քաղաքական հայտարարություններ են, ու դրանց իրավական հիմքերը դեռ պետք է պարզել։ Դուք նախ՝ ինչպե՞ս եք վերաբերվում այդ «անկլավների» փոխանակման գաղափարին, ու ի՞նչ ասել է քաղաքական հայտարարություն է, պարո՛ն Սուքիասյան։
– Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ խաղաղության պայմանագիր չստորագրվի, ու դրա համար հազար ու մի պատրվակ կբերի, եթե անկլավների փաստն ընդունեցինք, արդեն ուրիշ բան կասի։
– Բայց «անկլավների» լինելության մասին վկայում է նաև Նիկոլ Փաշինյանը։
– Պարզ է, որ Ադրբեջանն այդ հարցը Հայաստանի առաջ դրել է, վստահ եմ, որ առաջինը իրենք են այդ մասին խոսել, որովհետև «անկլավների» փոխանակումը մեզ ձեռնտու չէ։ Պետք է նկատի ունենանք, որ գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ գնա այդ պայմանագրի ստորագրմանը:
Լա՞վ է սա, թե՞ վատ՝ մի կողմ թողնենք, բայց իշխանությունն այս քաղաքականությունն է որդեգրել, ինքն ամեն ինչ անելու է, որ գնա այդ պայմանագրի ստորագրման։ Դրա համար ամեն խոչընդոտ փորձում է հաղթահարել․ Ադրբեջանը հայտարարել է, որ «անկլավ» կա, Հայաստանն էլ կանխարգելիչ գործողություն է անում՝ ասելով, ինչ ուզում ես՝ այդ պայմանով էլ անում ենք։ Հայաստանի դիրքորոշումը սա է, թող բանակցեն, տեսնենք։
Հայաստանը բոլոր միջոցները պետք է ձեռնարկի, որ անկլավների փոխանակում չլինի, բայց այստեղ կան մեկնակետային հարցեր, որ միմյանց տարածքային ամբողջականություն են ճանաչում, երկրորդ՝ որ Ադրբեջանը պետք է Ստեփանակերտի հետ բանակցությունների նստի, սա հայտարարել է Միշելը։
Ադրբեջանի նախագահն ամեն բան անելու է, որ վիժեցնի Միշելի հայտարարությունը, բայց Հայաստանի իշխանություններից պահանջում եմ գիշեր-ցերեկ հղում անել Միշելի հայտարարությանը, որպեսզի պատասխանատվություն զգա նաև ԵՄ-ն: Պատասխանատվությունը չպետք է գցենք Ադրբեջանի վրա։ Մեր գլխավոր խնդիրն է ԵՄ-ին պահանջ ներկայացնել, որ վերջինս Ադրբեջանին ճնշելու պատասխանատվություն զգա։
– Կարծում եք, որ եթե ձեր ասած՝ գիշեր-ցերեկ այդ հայտարարությանը հղում արվի, շոշափելի արդյունք կստանա՞նք։
– Կարող ենք չանել ու ավելի վատ արդյունք ունենալ, բայց սա հնարավորություն է, որից պետք է կառչել։ Թող էլի բանակցություններ լինեն, իհարկե պարզ է, որ չենք կարող ասել, թե դրանք բոլորը փայլուն են մեզ համար, բայց դրական ելք կա։
Իհարկե, իշխանությունն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել է դեպի խաղաղության օրակարգի սպասարկում, բայց ես առաջարկում եմ ամբողջ ռեսուրսը դրան չուղղել, թող ԱԽ քարտուղարը, վարչապետն ու ԱԳ նախարարը դրանով զբաղվեն, մնացած ամբողջ պետական ապարատը պետք է ուղղվի պետության ներքին պոտենցիալի բարձրացմանը, որովհետև խաղաղությունը պայմանագրով չի լինում, լինում է ուժերի բալանսով: Հայաստանը պետք է իր պոտենցիալը բարձրացնի, որ Ադրբեջանի մտքով չանցնի ռազմական ճանապարհով հարց լուծել։ Այնուամենայնիվ, արևմտյան ձևաչափով բանակցությունները՝ մեկնարկային իմաստով, կարող ենք դրական համարել։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am