Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ջնջում է սեփական կենսագրությունը․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ անվտանգության խորհդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրները թույլ չեն տա ուժային իշխանափոխություն իրենց տարածքում՝ ընդգծելով, որ չի կարելի թույլ տալ գունավոր հեղափոխությունների սցենարի իրագործումը:

Աբսուրդն էլ ինչպե՞ս է լինում: Իհարկե՛, Ռուսաստանի Դաշնության նախագահի տեսակետը գունավոր հեղափոխությունների մասին հայտնի է վաղուց, բայց որ դա ասվում է, ըստ էության, գունավոր հեղափոխության միջոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ացնկացվող ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստում, բոլորովին այլ որակ ու բովանդակություն է հաղորդում այդ հայտարարությանը:

Սա չափից դուրս լուրջ հայտարարություն է, ինչը նշանակում է, որ այսուհետ ՀԱՊԿ ցանկացած երկրում քաղաքական ցանկացած գործընթաց, որին ներգրավված է լինելու հանրային լայն զանգվածներ և որի արդյունքում առկա է լինելու իշխանափոխության իրական հնարավորություն, կարող է չեզոքացվել ՀԱՊԿ զորքերի կողմից:

Այլ կերպ ասած, այսուհետ ՀԱՊԿ զորքերը ուղղակիորեն միջամտելու են ՀԱՊԿ անդամ հանդիսացող պետությունների ներքին գործերին՝ որոշելով, թե ով պետք է լինի իշխանությունը կամ ով պետք է չլինի իշխանությունը:՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցության կողմից ս.թ. հունվարի 6-ին հրապարակված հայտարարության մեջ հենց այս մտահոգությունն էր ընդգծված, որ առերևույթ լրջագույն ու վտանգավոր նախադեպ է ստեղծվում, երբ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը ներգրավվում են ՀԱՊԿ անդամ պետությունների ներքաղաքական խնդիրների հանգուցալուծման գործում։

Բնականաբար, յուրաքանչյուր պետություն, այդ թվում և Ռուսաստանը, ինքն է որոշում իր զարգացման մոդելը և որևէ մեկը չի կարող այդ հարցում որևէ միջամտություն ցույց տալ:

Այս հարցում անկախ նրանից, թե մենք ինչ դիրքորոշում ունենք, պետք է ի գիտություն ընդունենք ու հարգենք նրանց պատկերացումները՝ համարելով, որ դա իրենց ներքին խնդիրն է:

Իսկ մեր խնդիրների լուծման վերաբերյալ ինքներս պետք է որոշում կայացնենք, թե ի՞նչ որակի պետություն ու հասարակություն ենք ցանկանում ստեղծել ու զարգացնել:Թե այս ամենի մասին ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը և ի՞նչ արժե նրա լռությունը, կարելի է ենթադրել, բայց որ ընթացող գործընթացներով առերևույթ տպավորություն է ստեղծվում, որ նա ջնջում է սեփական կենսագրությունը, ակնհայտ է…»։