Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը

Հունիսի 5-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը: Չվերթները չեղարկվել են այս տարվա մարտի 27-ից` Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու և ուղևորափոխադրումների կտրուկ կրճատման պատճառով:

Ընկերության ներկայիս որոշումը պայմանավորված է միջքաղաքային երկաթուղային ուղևորափոխադրումների պահանջարկի որոշակի վերականգնումով և ուղղված է Երևանի ու Գյումրի միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանը: Այնուամենայնիվ, հանրապետության երկու խոշոր քաղաքների միջև էքսպրեսի երկարատև աշխատանքի ապահովումը կախված կլինի այս ծառայության պահանջարկի վերականգնման տեմպերից:

ՀԿԵ-ն շարունակում է խստորեն իրականացնել պարետի կանխարգելիչ և հակավիրուսային միջոցառումները՝ չափվում է ուղևորների ջերմությունը, շարժակազմն ախտահանվում և մաքրվում է, վագոններում պահոված է ախտահանող միջոցների առկայությունը, հսկվում է ուղևորների կողմից սոցիալական հեռավորության պահպանելու և դիմակներ ու ձեռնոցներ կրելու պահանջների կատարումը:

Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում կառավարական հանձնաժողովը մշտադիտարկում է իրականացրել ընկերության ուղևորատար համալիրում և արձանագրել է պարետի որոշումներին ձեռնարկված միջոցառումների համապատասխանությունը:

Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։