Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի. Գյումրու ու Փարաքարի ՏԻՄ ընտրությունները սրա մասին էին. Արմեն Խաչատրյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, մարտի 30-ին տեղի ունեցած Գյումրու ու Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները շատ քննարկվեցին ու քննադատվեցին, հատկապես Գյումրունը: Գյումրու պարագայում վերջնական պատկերը պարզ դարձավ միայն նախօրեին, երբ Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ «Մեր քաղաքը›› դաշինքը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ: Ընտրական ու հետընտրական գործընթացներն ինչպե՞ս եք մեկնաբանում:

– Ավելի շատ եռակողմ շանտաժներ էին, քան քննադատություններ. Վարդան Ղուկասյանի թիմն իր հերթին էր շանտաժ անում Մարտուն Գրիգորյանին, իշխող ուժի թիմն իր հերթին էր շանտաժ անում թե՛ Մարտուն Գրիգորյանին, թե՛ Վարդան Ղուկասյանին: Վերջին մի քանի օրն ավելի շատ շանտաժի մթնոլորտ էր, հերթական մանկապարտեզին էինք առնչվել, որովհետև նախ տարօրինակ էր, որ հիմնական խաղացողներ էին իբր թե, բայց ոնց որ թե չէին հասկացել, թե այս ընտրություններն ինչի մասին են, իսկ այս արտահերթ ընտրական գործընթացները վերածվեցին իշխող ուժի նկատմամբ վստահության հանրաքվեի մթնոլորտի: Այն բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք առաջադրվել էին, ունեին մեկ հիմնական մեսիջ՝ մերժել ՔՊ իշխանությունը Գյումրիում: 

Վերջապես մոտեցանք մի ՏԻՄ ընտրության, որի հիմնական քաղաքական պլատֆորմն ընդդիմության այդ դիրքորոշումն էր, ասեմ ավելին՝ իշխանությունն ուներ մի ներկայացուցչական ուժ, որն իր դաշնակիցներից էր կազմված, բայց անգամ այդ ուժի նկատմամբ իրեն այնպես դրսևորեց, որ այդ ուժն էլ ընտրարշավի ընթացքում տրամադրված էր ընդդեմ իշխանության՝ իր բնական դաշնակցի: 

Արդյունքում, վերջապես, Հայաստանում ստացվեց մի տեղական ընտրություն, որտեղ այդ թայֆայականությունը մղվեց երկրորդ պլան, ու առաջին պլանում էր այդ քաղաքական պլատֆորմը: Սրա մասին էր այս ընտրությունը, ու եփած հավի ծիծաղն էլ կգար այն հայտարարություններից, որոնք անում էին ՔՊ բարձր էշելոնի գործիչները:

– Վարդան Ղուկասյանի ընտրությունը գյումրեցիների կողմից շատ քննարկվեց, նույն իշխանության ներկայացուցիչներն էլ դա քննադատեցին, որ գյումրեցին ընտրել է մեկին, որը տարիներ շարունակ կեղեքել է իրենց, հարստահարել քաղաքը: Այս քննադատություններն ինչպե՞ս եք գնահատում:

– Դա ես կարող եմ ասել, բայց ո՛չ վարչապետը, ո՛չ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք իրար հետևից հայտնեցին այդ միտքը: Բա դատեիք. այն, որ դուք յոթ տարի չեք դատել ակնհայտ, ինչպես իրենք են ասում՝ բռնաբարին, թալանչուն, մարդասպանին, երկու բանի մասին է վկայում՝ կա՛մ գյումրեցիները ճիշտ են արել, որ ընտրել են Վարդան Ղուկասյանին, որովհետև դուք անշնորհք կառավարիչներ եք, կա՛մ դուք սուտ եք ասում, որ այդ մարդը մարդասպան, բռնաբար ու թալանչի է: Անաչառ դիտորդի համար այս երկու եզրահանգումը կարող է լինել այս կոնտեքստում: 

Այստեղ կա նաև այլ հանգամանք՝ բայց ինչո՞ւ ձեր աստվածային իշխանությանը թողած՝ մարդիկ գնացին քվեարկեցին կրիմինալին: Ընդհանրապես, ընտրությունը վատի ու լավի, լավի ու լավագույնի մեջ է, չէ՞, քաղաքացին գնացել ընտրել է վատի ու վատթարագույնի մեջ, իսկ այստեղ տարբերությունը շատ քիչ է, թե դու ում կընտրես: 

Այստեղ՝ տվյալ դեպքում գյումրեցին ընտրել է վատթարագույնի ու ավելի վատթարագույնի մեջ, որովհետև անձամբ իմանալով Սարիկ Մինասյանի բարձր հեղինակությունը Գյումրիում, այս իմաստով ասեմ, որ ՔՊ-ն լավ ընտրություն էր կատարել, որովհետև եթե Սարիկը չլիներ, ապա ավելի ողբալի կլիներ իրենց վիճակը, գուցե Փարաքարից ավելի ողբալի: 

Փարաքարը ես չէի առանձնացնի Գյումրու ընտրությունների կոնտեքստից, որովհետև, ըստ էության, երեք տարի պայքարեցին, իշխանազրկեցին, գողացան քվեները, երեք տարի պայքարեցին «Ապրելու երկիր» կուսակցության դեմ, բայց փարաքարցիները ծանրակշիռ քվեով ապահովեցին այդ կուսակցության թեկնածուի հաղթանակը: Նույն կոնտեքստն է՝ այնտեղ էլ քվեարկել են ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի:

– Պարո՛ն Խաչատրյան, իսկ Վարդան Ղուկասյանի դեմ իրավական գործընթացներ կլինե՞ն, թե՞ չէ:

– Այս իշխանությունն իր գործողություններում այնքան անկանխատեսելի է. Մամիկոն Ասլանյանի նկատմամբ արեցին, Առուշ Առուշանյանի նկատմամբ արեցին, Ալավերդիում գնացին էդ ուղղությամբ, զգացին, որ շատ մեծ խնդիրներ են ունենալու, զբաղվեցին պաշտոնագողությամբ ու դրանով հարցը լուծեցին: 

Հիմա կգնան-չեն գնա՝ էական չէ, եթե անգամ ընդդիմադիր բոլոր թեկնածուներին, նաև անցողիկ շեմը չհաղթահարածներին, ձերբակալեն, կալանավորեն, գործընթացն իր բովանդակությամբ չի փոխվելու, որովհետև արդեն ասացի, որ այս գործընթացը մի բանի մասին է՝ գյումրեցին գնացել ու քվեարկել է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, որոշ դեպքերում նաև՝ ընդդեմ սիրելի Սարիկի, առանց հեգնանքի եմ սա ասում: 

Ո՞ւմ են միամիտի տեղ դնում, ամբողջ վարչական ռեսուրսն աշխատեցրել են, ամբողջ պետական համակարգը լցրել էին Գյումրի, ոստիկանության համակարգը մի կողմից էր աշխատում, քննչականը՝ մյուս, դպրոցներով, մանկապարտեզներով, պետական հիմնարկներով մոբիլիզացրել են, գումարած Սարիկի ձայները, ու պարտվել են: 

– Ընտրությունների այս արդյունքներն ինչպիսի՞ հնարավոր քաղաքական զարգացումներ կարող են ազդակել համապետական մակարդակով։ Որոշ շրջանակներ արդեն խոսում են այն մասին, որ սա կարող է հիմք հանդիսանալ նոր քաղաքական գործընթացների մեկնարկի՝ ներառյալ իշխանափոխության համար։ 

– Քաղաքականությունից չհասկացող մարդիկ են նման բան ասում, որովհետև քաղաքականությունից հասկացող մարդն արդեն իսկ պետք է արձանագրեր, որ այդ գործընթացն սկսվել է: Ո՛նց կգնա, ո՛նց կկառավարվի, կփոշիացվի՞ այս մթոլորտը, թե՞ կկապիտալացվի՝ խնդիը սա է, իսկ իրականում այս երկու ՏԻՄ ընտրություններով արդեն իսկ սկսվել է Նիկոլ Փաշինյանին մերժելու գործընթացը, ու հաջող ավարտ ունի: 

Սրա համար էին այդ շանտաժները, նախորդ օրերի հայտարարությունները: Տեսեք՝ ո՛ւր են հասել, գյումրեցիների գլխից մազ չպակասելու մասին մտահոգ են մարդիկ, որոնք ուղղակի հազարներով գլուխներ կերան: 

Իսկ ինչո՞ւ պետք է գյումրեցու գլխից մազ պակասի, երկրորդ՝ բա դուք ո՞վ եք, այսինքն՝ այս հանրապետության իրավական համակարգը Գյումրու քաղաքապետի ձեռքի՞ն է, բա դուք ո՞վ եք: Այսինքն՝ դուք չեք երաշխավորելու այս պետության քաղաքացիների անվտանգությունը, թե՞ քանի որ Գյումրիում Վարդանիկն է, դուք հետ եք քաշվելու ու սկսելու եք ստուգել, թե որ գյումրեցու գլխից քանի մազ պակասեց: Կամ մեկն էլ գրել է՝ տեսնես գյումրեցին իր քվեն կտա՞ր Մարտուն Գրիգորյանին, եթե իմանար, որ դրանք Վարդան Ղուկասյանին էին ծառայելու: 

Ասեմ՝ գյումրեցիները կընտրեին փողոցի շանը, եթե իմանային, որ իրենց ձայնը չի տալու Նիկոլ Փաշինյանին, չի միանալու նրան: Մեծ դասականի ասած՝ սա մանկապարտեզ էլ չէ, սա խենթանոց է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am