Ցավալի է, որ դասագրքերը հիմնականում բացակայում են ավագ դասարաններում, առանց այդ էլ աշակերտները դժկամությամբ են սովորում. Խաչատրյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն՝ Երևանի բոլոր դպրոցներում դասերը պետք է սկսվեն ժամը 08:15-ին: Նախարարի պարզաբանմամբ՝ փոփոխությունը նպատակ ունի բեռնաթափել քաղաքի երթևեկությունը, որոշումը միանշանակ չընդունվեց հանրության կողմից, ձեր մասնագիտական դիրքորոշումը ո՞րն է այս փոփոխության վերաբերյալ:

– Այս փոփոխությունը ես համարում եմ հակագիտական, որովհետև այն հակասում է վերջին տարիներին արված գիտական բացահայտումներին, և, ցավոք սրտի, մենք շատ հաճախ արհամարհում ենք գիտական բացահայտումները, ուշ ենք դրանց մասին իմանում: Գիտությունը վերջին տարիներին ակնհայտ ապացուցել է, որ դեռահասների ուղեղը առավոտյան 8:00-9:00-ը դեռևս պատրաստ չէ նոր ու կարևոր բաներ սովորելու, նորից եմ ասում՝ կենսաբանորեն պատրաստ չէ, այսինքն՝ այստեղ խնդիրը կենսաբանական ժամացույցն է, այլ ոչ թե այն, թե իրենք ինչպես են հասնելու դպրոց: 9:00-ից հետո նոր երեխայի ուղեղը պատրաստ է լինում օպտիմալ ուսուցման, սա վերջին տարիներին արված գիտական բացահայտում է, ԱՄՆ-ում անգամ շարժում են սկսել՝ առաջարկելով դպրոցներում դասերը սկսել ուշ, ոչ շուտ, քան 8-ն անց կեսը: 

Տարբեր երկրներում ականջալուր են եղել գիտնականների կարծիքին ու որոշակի ժամային տեղաշարժեր կատարել: Հիմա մենք ունենք խցանումների խնդիր, ու այս որոշումն ասում է, որ մենք չենք կարողանում խցանումների հարցը լուծել, սիրելի՛ երեխաներ, դուք պետք է վճարեք դրա գինը: Օրինակ՝ աշխարհի բազմաթիվ երկրներ լուծել են այդ խնդիրը՝ հասարակական տրանսպորտն են լավացրել, մետրոն են լավացրել, ու մարդիկ սկսել են հանրային տրանսպորտով երթևեկել, ու խցանման հարցը սկսել է կարգավորվել: Մենք չգտանք լուծում ու եկանք էս որոշմանը, կարող էինք, չէ՞, ավելի շատ ավտոբուսներ բերել, որ մարդիկ ավելի քաղաքակիրթ երթևեկեին և այլն, բայց չարեցին, հիմա վճարելու են երեխաները: 

Ընդ որում, երեխաների մեծ մասը ոչ էլ երթևեկում է, Երևանի դպրոցների աշակերտների ճնշող մեծամասնությունը գնում է իր տան մոտի կամ մոտակայքի դպրոց, նրանք կա՛մ տրանսպորտից ընդհանրապես չեն օգտվում, կա՛մ եթե օգտվում են, ապա, օրինակ՝ Հարավարևմտյան թաղամասի մի կետից գնում են մյուսը, միայն փոքրամասնությունն է, որ Երևանի ծայրամասերից գալիս է դեպի Կենտրոն: Այդ աշակերտների թիվը գուցե մոտ 15 հազար լինի, ու այստեղ խնդիրն այն չէ, որ երեխաներին պետք է սովորեցնել շուտ արթնանալ, խնդիրն այն է, որ երեխայի ուղեղը կենսաբանորեն պատրաստ չէ նոր բան սովորելու:

– Այս տարի ևս, ինչպես նախորդ տարի, որոշ առարկաների ուսուցումն արվելու է առանց դասագրքերի: Այս խնդիրն արդեն երրորդ տարին է, ինչ կա, ինչո՞ւ չի լուծվում: 

– Նախարարությունն այստեղ մեղքը բարդում է այդ դասագիրք գրողների վրա, ասելով, որ կա՛մ իրենք չեն գրում դասագիրք, հետևաբար դիմող չկա, կա՛մ իրենց գրած դասագիրքն անորակ է, իրենք էլ չենք ուզում զիջումների գնալ, անորակ դասագրքեր չեն անցկացնում: Համաձայն եմ, բայց այս հարցում կա երրորդ գործոնը՝ նախարարությունն ինքն է սահմանում մրցույթի անցկացման պայմանները, ինչո՞ւ մարդիկ չեն դիմում, որովհետև շատերի համար վճարման այս համակարգն անընդունելի է, հեղինակները շատ փոքր հոնորար են ստանում, դա դեռ ոչինչ, ժամանակն է սեղմ, ու շատ մարդիկ համարում են, որ անլուրջ է 5-6 ամսում դասագիրք գրելը, մարդիկ չեն գրում կամ գրում են, որակը վատն է լինում, որովհետև ժամանակը սեղմ է, բայց այդ մարդը մեղավոր չէ, չէ՞, շատ ժամանակ տայիք, որակով գիրք գրեր: 

Ֆրանսերենից յոթ դասարանի՝ 5-11-րդ դասարանների դասագիրք չունենք, որովհետև ֆրանսերեն դասագրքերի տպաքանակը փոքր է, շատ քիչ դպրոցներում են անցնում այդ առարկան, այդտեղ հոնորարը շատ քիչ է, շահագրգռվածությունը փոքր է, ու մարդիկ չեն գրում: Գուցե կարգով սահմանե՞ն, որ, օրինակ՝ ֆրանսերենի ու գերմաներենի պարագայում հեղինակներին այլ չափանիշներով են վճարելու, քանի որ դրանց տպաքանակը փոքր է, եկամուտը քիչ է, գուցե այդ առարկաների՝ որպես կարևոր, վճարման գործակիցը բարձր սահմանեն, այսինքն՝ ոչ թե 6 միլիոն դրամ տալ հաղթողին, այլ, դիցուք, 10 միլիոն, բայց դա չարվեց, դրա համար էլ ունեցանք այս խնդիրը: 

Ասում են նաև, թե խնդիր չէ, որ դասագիրք չկա, որովհետև հին դասագրքերով կանցնեն, միևնույն է, ֆրանսերենի քերականությունը չի փոխվել, բայց դա չի կարելի, որովհետև, ըստ օրենքի, դասագրքերը պետք է համապատասխանեն չափորոշիչներին, իսկ հին դասագիրքը կարող է քերականական կանոններով համապատասխանել, բայց մեթոդաբանական առումով նոր չափորոշիչը շատ տարբեր է հին չափորոշչից:

– Առանց դասագրքերի սովորելու հետևանքները որո՞նք են լինելու դասապրոցեսի վրա:

– Ցավալին այն է, որ դասագրքերը հիմնականում բացակայում են ավագ դասարաններում՝ 10-11-րդ դասարաններում են շատ, ֆրանսերենն է ու, կարծեմ՝ ռազմագիտությունը: 

Սա խնդիր է այն իմաստով, որ առանց այդ էլ մեր ավագ դասարանների վիճակը բարդ է՝ աշակերտները դժկամությամբ են սովորում, չեն ուզում գալ դասի, հիմա, եթե գալիս են ու տեսնում են, որ իրենց ձեռքի տակ դասագիրք էլ չկա, որովհետև գոնե դասագրքի սխեմաներով, նկարներով, հետաքրքիր պատմություններով նրանց հնարավոր էր գրավել, հիմա դա էլ չկա: 

Նրանց կամ ինչ-որ պատճենված նյութեր են տրվելու՝ սև ու սպիտակ, կամ էլեկտրոնային նյութեր, սա արդեն աշակերտների մեջ անլրջության տպավորություն է թողնում՝ նպաստելով չսովորելուն: 

Տավուշի երեխաները խնդիրը բարձրաձայնում էին, որ առանց դասագրքի ուսումնական նյութեր սովորելը հարմար չէ, այսօրվա երեխաները սիրում են գույներ, պատկերներ, իսկ այդ պատճենները ի՞նչ պետք է տան: Դա էլ այն դեպքում, եթե դպրոցը որոշի հսկայական գումարներ ծախսել, այդ նյութերը պատճենել, տալ աշակերտներին: 

– Պարո՛ն Խաչատրյան, ստացվում է, որ դասագիրք ունենալն ամենևին էլ անլուծելի խնդիր չէ՞:

– Չէ՛ իհարկե: Այլ խնդիրներ ևս կան, որոնց մասին չեն խոսում: Այս նոր դասագրքերի առանձնահատկությունն այն է, որ, օրինակ՝ 2-3-րդ դասարաններում մի հեղինակի դասագրքով անցնեք, իսկ 4-րդում ստիպված լինեք փոխել հեղինակին, որովհետև այդ նույն հեղինակը չունի չորրորդի դասագիրք: Սա ևս խնդիր է, որովհետև արդեն ոճի, մեթոդաբանության տարբերություններ են առաջ գալիս: 

Ճիշտ կլիներ, որ եթե դպրոցն ինչ-որ գիրք է ընտրում, ապա մինչև վերջ տաներ դա, որովհետև գրքերը գրվում են շատ տարբեր ոճերով, ու այդ ոճային փոփոխությունները և՛ աշակերտների համար են խնդիր, և՛ ուսուցիչների: Դասագրքերի հարցը շատ կարևոր է ու իհարկե լուծում է պահանջում:

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ նախարարությունը չի անում այն քայլերը, որոնք ասացիք, որպեսզի այդ խնդիրները առաջ չգան:

– Որովհետև քննարկումներն հիմնականում անցկացվում են այնպիսի մարդկանց շրջանակներում, որոնք հակափաստարկներ չեն բերում, ու գործընթացը թեթև անցնում է: 

– Նկատի ունեք, որ մասնագիտական լայն շրջանակների չե՞ն ընդգրկում:

– Գուցե ընդգրկում են, բայց ես տեղյակ չեմ:

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am