«Եթե մենք միջամտենք, պատերազմը շարունակվելու է, ռուսներն են պատասխան տալու այդ ամենի համար, նրանք պետք է լուծեն անվտանգային հարցերը». Գագիկ Մելքոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը

Պարո՛ն Մելքոնյան, թեպետ հրադադար է, բայց Ադրբեջանի բանակն Արցախում հայկական վերահսկողության տակ գտնվող որոշ գյուղեր է ներխուժում, հայկական կողմն ունի նոր գերիներ։ Այս անվտանգային խնդիրներն ինչպե՞ս պետք է լուծվեն։

– Քանի որ ռուսական վերահսկողության տակ է, ռուսներն են պատասխան տալու էդ ամենի համար, իրենք պետք է լուծեն այդ հարցերը։ Այդ եռակողմ համաձայնագիրը կնքել են երեք երկրների ղեկավարները, և ամեն մեկը պարտավոր է իր կնքածի ու ստորագրածի համար պատասխան տալ։ Քանի որ ռուսական զորքն է այնտեղ, նրանք նաև անվտանգության երաշխավորներն են։

Այն ժամանակ եղել է պայմանավորվածություն, որ զորքերը պետք է կանգնեն այն կետերում, որտեղ կանգնած են եղել նոյեմբերի 9-ի դրությամբ։ Հիմա ադրբեջանական զորքը արդեն խախտում է այդ պայմանները, իսկ Ռուսաստանը պետք է դա ի գիտություն ընդունի և կարգավորի այդ բոլոր խնդիրները։

Եթե մենք միջամտենք, ուրեմն պատերազմը շարունակվելու է։ Դրա համար մենք ռուսներին պետք է ասենք՝ ձեր խոսքի տերը եղեք ու կատարեք պայմանավորվածությունը։

– Այսինքն՝ Ռուսաստանի առաջ պետք է հստակ պահանջնե՞ր դնել։

– Այո՛, մեր պահանջն ավելի շատ Ռուսաստանից պետք է լինի, քանի որ Պուտինն է ստորագրել այդ հայտարարության տակ։ Թող բարի լինեն, կատարեն իրենց պարտականությունները։

– Բայց մենք տեսանք, որ ռուսական կողմը հրադադարի խախտման դեպքով հասցեական հայտարարություն չարեց, այսինքն՝ դարձյալ չի նշվում, որ Ադրբեջանն է խախտում փաստաթղթի կետերը։ Ի՞նչ պետք է անել։ 

Մենք հավատարիմ ենք մնացել կնքված հայտարարությանը։ Նրանք բազմիցս խախտում են, դրա համար ռուսներն արդեն պետք է մտածեն՝ ինչ կարելի է անել։ Մեր ղեկավարությունը դիմում է ռուսներին, որ այսպիսի դեպքեր կան։ Խծաբերդից մարդիկ են տարել, բայց իրավունք չունեին տանելու, ռուսները չպետք է տային։ Ի՞նչ է նշանակում՝ գան ասեն՝ էս գյուղն ազատեք։ Կամաց-կամաց բոլոր գյուղերը կազատեն։

Ադրբեջանն ի՞նչ նպատակ է հետապնդում այս գործողություններով՝ անկայունությո՞ւն ստեղծել։ 

– Իհարկե, ցանկանում են և մեր ներքին քաղաքականությանը խառնվել, որպեսզի ավելի անկայուն դառնա երկրում իրավիճակը, և նաև իրենք թելադրեն իրենց կամքը։

Սյունիքի մարզում այսօր բնակիչները բողոքի ակցիա են անում, սահմանագծման աշխատանքները Հայաստանի հետ սահմանին իրականացվում են ԽՍՀՄ քարտեզներով։ Ի՞նչ անվտանգային խնդիրներ են առաջանում այդ դեպքում։

– Ներկայումս մեր տղաները կանգնած են Վարդենիս-Ջերմուկ հատվածում։ Մերոնք իրենց հետ վերցրել են Սովետական Հայաստանի սահմանները, սահմանը գծել են, քար են շարել այդ սահմանի ուղղությամբ։ Սահմանից 50 մետր այս կողմ մերոնք են նստած, 50 մետր այն կողմ՝ իրենք։ Կա այնպիսի դիրք, որ իրենք 200 կամ 300 մետր հեռավորության վրա են մեզանից։

Բայց անվտանգության հարցեր են առաջանում, չէ՞։

– Այո՛։ Դիմացը ձմեռ է, այնտեղ արդեն մեկ մետր ձյուն է նստած։ Հիմա ամեն մեկն իր հենակետում նստած է։ Մինչև գարունը բացվի, արդեն շատ բան կփոխվի։ Այն պայմանագրերը, որոնք պետք է կնքվեն, դեռ այդ բոլոր հարցերին պետք է անդրադառնան։

Հայկական կողմը կարո՞ղ է պայմաններ դնել։

-Եթե Խորհրդային Միության սահմանը դա է եղել, մենք չենք կարող ասել՝ գիտե՞ք ինչ, մենք պետք է գանք ու ձեր հողի մեջ մտնենք։ Կամ՝ իրենք չեն կարող ասել՝ պետք է գանք ձեր հողի մեջ մտնենք։ Այդ սահմանները պետք է մնան որպես մեր սահմաններ։ Մենք պետք է մեր բանակը ստեղծենք, որ կարողանանք մեր երկրի սահմանները նորմալ պահել։

Այս իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելքեր եք տեսնում, որպեսզի խաղաղությունը փխրուն չլինի։

– Այնքան դժվար չէ պատերազմի ժամանակ, ինչքան պատերազմից հետո։ Մենք տեսնում ենք, թե պատերազմից հետո ինչ խնդիրներ են առաջանում, դեռ նոր խնդիրներ են առաջանալու։ Եվ տարբեր կուսակցություններ այս իրավիճակում մանիպուլյացիա են անում ու դեռ կանեն։

Դեռ շատ բարդ փուլ է սպասում մեզ։ Բայց պետք է դուրս գանք այդ վիճակից։ Իսկ դուրս գալու միակ տարբերակը համախմբվելն է։ Աթոռակռվին պետք է վերջ տալ, մի հատ համախմբվենք, տեսնենք, թե ինչ ենք կարողանում անել։ Միանշանակ է, որ այս իրավիճակից դուրս ենք գալու։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am