ՀՀ պաշտպանության նախարարը ստորաբաժանման հրամանատարների հետ զրույցում կարևորել է պատժի և խրախուսանքի գործիքակազմի կիրառումը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 28-ին շարունակել է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպաների հետ:

Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, գումարտակների, վաշտերի, դասակների հրամանատարների, տեղակալների հետ զրույցում նախարար Պապիկյանը հորդորել է խստորեն հետևել ստորաբաժանումներում կանոնադրային փոխհարաբերությունների պահպանմանը, ամրապնդմանը, ամենօրյա զրույցների, դաստիարակչական միջոցառումների կիրառմամբ ապահովել զորքերի ծառայության բնականոն ընթացքը:

Սուրեն Պապիկյանը հրահանգել է հատկապես մեծ ուշադրություն դարձնել զենքի օգտագործման, զինտեխնիկայի շահագործման անվտանգության կանոնների պահպանմանը, մարտական հերթապահության շրջաններում զգոնության բարձրացմանը:

Նախարար Պապիկյանը ստորաբաժանման հրամանատարների հետ զրույցում կարևորել է նաև պատժի և խրախուսանքի գործիքակազմի կիրառումը՝ լավագույն զինծառայողների օրինակով գումարտակներում դրական արդյունք ապահովելու համար: