ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրենքի նախագիծը խորհրդարանի նիստում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
«Այս փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ նախապայմաններով՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների ու նորմերի պահպանմամբ և չափագիտական վերահսկողության իրականացման հետ կապված որոշ հարցերի կարգավորմամբ, չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան ՀՀ տարածք չափման միջոցների ներմուծման կանխարգելմամբ, չափման միջոցների շուկայահանման և շահագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմամբ»,- նշել էր Սիմոնյանը:
Նախարարի տեղակալը հավելել էր, որ նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունների կողմից ներմուծվել և ներմուծվում են չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան չափման միջոցներ:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 83 «կողմ», 2 «դեմ» և 18 «ձեռնպահ» ձայներով: