ՀՀ ՏՄՊՊՀ-ն քննարկեց «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման վերաբերյալ հարցը

Հեղինակ MediaLab

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում այսօր քննարկվեց ««Վեոն Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում (համակենտրոնացման վերաբերյալ) առկա փաստական հանգամանքների մասին» հարցը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին վերոնշյալ ընկերությունները դիմել էին ՀՀ ՏՄՊՊՀ համակենտրոնացման թույլտվություն ստանալու նպատակով, մասնավորապես «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100% բաժնետոմսերը, և ընկերությունների դիմումի հիման վրա հանձնաժողովը սահմանված կարգով վարչական վարույթ է հարուցել:

Ըստ ներկայացված տեղեկատվության՝ «Վեոն Արմենիա»-ն հիմնադրվել է 1995 թվականին, իրականացնում է ամրակցված, շարժական հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք:

2018 թվականին ընկերության ակտիվների արժեքը կազմել է 147.8 մլրդ դրամ, հասույթի չափը՝ 38.4 մլրդ դրամ: «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը պետական գրանցում է ստացել 1996 թվականին, իրականացնում է ամրակցված, շարժական հեռախոսակապի, լայնաշերտ ինտերնետի, IP հեռուստատեսության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք:

2018 թվականին վերջինիս ակտիվների արժեքը կազմել է 115.9 մլրդ դրամ, հասույթի չափը՝ 40.7 մլրդ դրամ: Ըստ ընկերությունների՝ համակենտրոնացման հիմնական նպատակն է էական մրցակցության ուժեղացումը, հաճախորդների համար շահավետ պայմանների ապահովումը: Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ կից ներկայացվող շնորհանդեսից (պրեզենտացիա): http://competition.am/index.php…

«Այս պահին որևէ որոշում կայացված չէ, հանձնաժողովը դեռևս վերլուծում է ստացված տեղեկատվությունը, այսօր տեղի է ունենում այս գործով առաջին նիստը: Դիմել ենք 3 պետական մարմինների՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով և Պետական եկամուտների կոմիտե՝ շուկայի ամբողջական պատկերն ու դինամիկան հասկանալու համար: Հանձնաժողովն ուսումնասիրում է նաև միջազգային շուկայում համանման գործերը, դիմել է նաև միջազգային գործընկերներին՝ Եվրոպական միջազգային ցանցին, Միջազգային մրցակցային ցանցին մասնագիտական օժանդակություն տրամադրելու համար»,- նիստի դռնբաց հատվածից հետո լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում նշել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նա նաև պարզաբանել է, որ ՏՄՊՊՀ-ն դիմումը մուտք լինելու պահից 90 օր ժամկետ ունի որոշում կայացնելու համար, եթե երկարաձգման վերաբերյալ որոշումներ չեն կայացվում:

Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել համակենտրոնացման գործողությունը թույլատրելու, արգելելու, ինչպես նաև պայմանով թույլատրելու վերաբերյալ:

Գեղամ Գևորգյանը հավաստիացրեց, որ գործընթացը տեղի է ունենալու թափանցիկ ընթացակարգով, և այլ նոր տեղեկատվության դեպքում այն կներկայացվի հանրությանը՝ բացառությամբ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների:

Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողովը: