«Ես Լյովից հետո իմ կյանքը չէի պատկերացնում, ուզում էի կյանքիս վերջ տալ». Հեղինեն պատերազմում կորցրել է մինուճար որդուն

39-ամյա Հեղինե Ասատրյանի կյանքը մինուճար որդուն կորցնելուց հետո իմաստազրկվել է։ Հեղինեն հուզմունքով ասում է․ «Ես Լյովից հետո իմ կյանքը չէի պատկերացնում, ուզում էի կյանքիս վերջ տայի… Հոգեբանն էդ օրն էկավ մեր տուն, եթե ինքը չգար, ես ինքս ինձ որոշել էի, որ իմ կյանքի վերջին օրն ա»։

Լևոնը Ստեփանյանների միակ երեխան էր, ինչպես մայրն է ասում՝ ընտանիքի հույսն ու լույսը։ Ժամկետային ծառայող Լևոնն ընդամենը 19 տարեկան էր, երբ սկսվեց պատերազմը:

Պատերազմից երեք օր անց՝ սեպտեմբերի 30-ին, Ստեփանյանների մինուճարը Ջրականում զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։

Նախորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Լևոնը խոսել է մոր հետ, ասել՝ ամեն ինչ շատ լավ է: 

«Էնքան տրամադրված էր, հավեսով, ասում էր՝ մեր մասին հետո կլսեք, որ հարցնում էի՝ Լյո՛վ ջան, ի՞նչ կա, ի՞նչ վիճակ ա էդտեղ, ջղայնանում էր, չէր ուզում հարցեր տայի, ասում էր՝ ամեն ինչ լավ ա լինելու»,- կսկիծով հիշում է մայրը։

Հեղինեն ասում է, երբ հաջորդ օրը որդուց լուր չի ստացել, արդեն սկսել է անհանգստանալ, ավելի ուշ տանը սկսել են բարեկամները հավաքվել..․ 

«Ամուսինս Ռուսաստանում էր, ինքն էլ որ եկավ, իմացանք, իրան լուրը հայտնել էին։ Ասում էի՝ տղուս ի՞նչ ա եղել, եթե վիրավոր ա, գնամ-տեսնեմ, մենակ իմանամ՝ եկել ա, թող ոտքերը չլինեն, ինքը լինի, ինքն իմ մինուճարն էր, ոչ տղա ունեմ, ոչ աղջիկ»,- հուզմունքով ասում է Հեղինեն ու նշում, որ հաջորդ օրը ամուսինը գնացել է ու ճանաչել, որ որդու մարմինն է։ 

Լևոն Ստեփանյանը հուղարկավորված է Գառնի գյուղի պանթեոնում` իր զինակից ընկերների կողքին:

Լևոնը հետմահու պարգևատրվել է Արիության համար մեդալով։

Ստեփանյանների ընտանիքը Կոտայքի մարզի Գառնի գյուղից է։ Մայրն ասում է՝ որդին երազում էր ոսկերիչ դառնալ, Գառնիում վարպետի մոտ դասերի էր գնում։

«Ոսկիներ ուներ, ասում էր՝ գալու եմ, փոխելու եմ, քո համար էնքան ոսկիներ սարքեմ»։

Լևոնը բարի էր, կամեցող՝ պատմում է մայրը․ «Որ մտնեք Գառնի, ասեք՝ Լյովը, բոլորը գիտեն՝ ինչ տեսակի երեխա էր, մի հատ ավելորդություն չուներ, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր»։

Հեղինեն որդու հետ շատ կապված էր, ամուսինը Ռուսաստան աշխատանքի էր մեկնում, տղայի հետ շատ ժամանակ էին անցկացնում։

«Ես գործից գալիս էի, շատ զգույշ էր ամեն ինչ անում, որ ձեն չլինի, մաման քնած ա, կոֆե էր դնում, հաց սարքում, խոհանոցը շատ էր սիրում»,- պատմում է Հեղինեն ու հուզվում։

Հեղինեն ծանր կորստից և դառը ցավից որոշել է կրկին մայրանալ, ասում է՝ բուժումներ է ստանում, որ ապրելու մի հույս ունենա։

«Ինձ որ հանդիպեց հոգեբանը, տարավ լավ մասնագետների մոտ։ Հիմա բուժվում եմ, Աստված առաջ, մի ճրագ լինի մեր տանը, մի լույս բացվի, մեզ ապրելու հույս լինի»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am