«Գոնե էդ թթվի ջրի մեջ մի քիչ թույն լցրած լինեինք, ուտեին, սատկեին». Արցախում տունուտեղ կորցրած Թամարա Մինասյանն ասում է՝ անորոշության մեջ են

48-ամյա Թամարա Մինասյանը պատերազմի օրերին Արցախից՝ Քաշաթաղի շրջանի Ալաշկերտ գյուղից, ընտանիքի հետ տեղափոխվել է Արմավիր՝ Մեծամոր, որտեղ ժամանակավորապես կեցություն է հաստատել ծանոթի տանը։ Ասում է, որ Հայաստան տեղափոխվելու ժամանակ չէր էլ պատկերացնում, որ այլևս չեն կարողանալու վերադառնալ իրենց տուն, այդ պատճառով էլ տնից դուրս գալիս որևէ իր, բացի որոշ հագուստից, չեն վերցրել։

«Սկզբնական շրջանում Լաչինի վերադասը, մեր գյուղապետը ասում էին՝ լավ է լինելու, հանդարտվելու է, բայց տղաս, որ մեջն էր, Ջաբրայիլում էր գտնվում, կապի մեջ որ լինում էինք, ասում էր ամուսնուս՝ պապա, ինչքան կարող ես մամայենց տնից դուրս արա, դու մնում ես՝ մնա, բայց մամայենց հանի։ Հոկտեմբերի 6-ն էր, թե 8-ը, թողեցինք, դուրս եկանք»,- պատմում է Մինասյանը։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Մինասյանի գյուղն անցել է Ադրբեջանին։

Ալաշկերտ գյուղում բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Թամարա Մինասյանի ընտանիքը ևս հողագործությամբ և անասնապահությամբ է իրենց ընտանիքը պահել։ Ասում է, որ 50 հավը, 2 անասունը և 15 հնդկահավը ևս թողեցին ադրբեջանցիներին։ Կորցրեցին և՛ տունը, և՛ վաստակելու աղբյուրը։

«Մենք մեր քրտինքով աշխատող, հողագործությամբ էինք զբաղվում, մենք մեր բերքը տանում էինք Կապան, բադրիջան, բիբար, ձմերուկ վաճառում էինք, ապրում էինք։ Անգամ բամբակ էի ես ցանել հողամասում, բամբակը իմ տան համար էր, ոչ վաճառքի։


Չեմ ասում՝ եսիմ ինչ երևակայելի ապրում էինք, մի 10-ից առավել էինք, մի 10-ից պակաս, էլի գոյատևում էինք։ Մենք մեր ուժերով ստեղծել էինք՝ 2 անասուն ունեինք, 50 հավ, 15 հատ հնդուշկա, տրակտոր կար, բոլորը մնաց, ու թողինք դուրս եկանք։

Արդեն մեր տների մեջ նստած են, անգամ թթու ունեինք դրած, երևի էդ թթուն էլ են ուտում, ասում էինք՝ գոնե էդ թթվի ջրի մեջ մի քիչ թույն լցրած լինեինք, գոնե թթու ուտեին, դրանք սատկեին»,- նշում է Մինասյանը։

Մինասյանն ասում է՝ դեռ հույսը չի կտրել, գուցե Աստված մի դուռ բացի, գնա տուն, իր ունեցվածքը վերցնի։ Դուրս գալիս վերջին պահին էլ նկարել է տունը, հեռախոսի մեջ պահպանել է տեսանյութերը, որ նայի ու հիշողության մեջ մնա։

«Մինչև էսօր էլ ոնց որ հույս ունեմ, որ Աստված մի դուռ բացի, գնամ իմ տունը, իմ ունեցվածքը, ամեն ինչ, ձմեռվա ամբողջ եկամուտը, սնունդը, ուտելիքը, առել դրել էինք, որ ձմեռը մենք ապրենք, բայց ոչինչ ո՛չ կարողացանք հանել, ո՛չ էլ»,- նշում է նա։

Տան փաստաթղթերը վերցրել ու պահում է, սակայն տեղեկություն չունի՝ արդյոք պետությունը տան փոխհատուցում կկատարի՞, թե՞ ոչ։ Անորոշ ու սպասողական վիճակում ապաստանել են ծանոթի տանը՝ չիմանալով, թե որ պահին կհայտնվեն դրսում։

«Ոչ մի բան չգիտենք, ինչ է լինելու։ Անորոշ նստած ենք։ Մեծամորում 10 օրը մեկ մեզ սնունդ են տալիս, մի փոքր արկղի մեջ տալիս են, բայց ասում են՝ այս քանի օրը գուցե էլ չտան, իսկ տան համար ոչ մի բան ոչ մեկից ինֆորմացիա չունենք։ 

Տեղեկություն չունենք՝ տուն կտա՞ն, չե՞ն տա, ինչ կլինի։ Այժմ եղբորս ծանոթի տանն ենք՝ ընտանիքի 8 անդամով, տան տերը դրսում է բնակվում, տարվա մեջ մի քանի անգամ գալիս է, մենակ կոմունալներն ենք տալիս, առայժմ վարձ չենք տալիս, եղբայրս ասում է՝ չգիտեմ, երբ ինքը կգա, երբ դուրս կգանք»,- պատմում է Թամարա Մինասյանը։

Այսօր Մինասյանը միայն մտածում է սեփական տարածքն ունենալու և աշխատելու մասին։ Ասում է, որ ցանկանում է տունը գյուղական վայրում լինի, որպեսզի կարողանան հողագործությամբ զբաղվել, աշխատել ու նորից ստեղծել։

«Մենք սովոր ենք հողագործությամբ զբաղվել, անասուն պահել։ Ավելի լավ է էստեղ լինի, էնպիսի տեղ լինի, որ ինչ-որ բան կարողանամ անեմ, հողագործություն, որ կարողանանք ընտանիքս պահել։

Որ տուն հատկացնեն, մենք կաշխատենք, կստեղծենք, ոնց որ միշտ արել ենք»,- ասում է Մինասյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am