Հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերը գրեթե պատրաստ են և, եթե Ադրբեջանը ցանկանա օգտվել այդ անցակետերից, հայկական կողմը պատրաստ է ընդունել:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին Հայաստանի կառավարության որոշման նախագծին:
«Արվել են բոլոր այն քայլերը, որոնց մասին խոսվել է, դրանք փաստաթղթավորված են, կառավարության որոշումները դրվել են e-draft-ում, ապա ուղարկվել են վարչապետի աշխատակազմ, շահագրգիռ երեք գերատեսչություններին։ Նշված անցակետերում որոշակի աշխատանքներ ևս իրականացվել են։ Սահմանային անցակետերը և հսկողության ռեժիմները սահմանված են արդեն»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ սպասում են Ադրբեջանի դրական արձագանքին:
Հարցին՝ այս գործընթացները ի՞նչ վտանգներ իրենց հետ կարող են բերել, ՊԵԿ նախագահը պատասխանեց.
«Ոչ մի, ի՞նչ վտանգների մասին է խոսքը։ Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը կառավարության համար միանշանակ ընդունելի օրակարգ է և ձեռնարկել ենք դրանից բխող քայլեր։ Գործընթացը, կարելի է ասել, ավարտված է։ Եթե մյուս կողմը ևս պատրաստ է օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, ապա մենք պատրաստ ենք»,- եզրափակեց Բադասյանը: