Ղարաբաղը` «անազատ». փորձագետները վտանգավոր են համարում Freedom House-ի գնահատականը

Ղարաբաղը` «անազատ». փորձագետները վտանգավոր են համարում Freedom House-ի գնահատականը
Ղարաբաղը` «անազատ». փորձագետները վտանգավոր են համարում Freedom House-ի գնահատականը
Հեղինակ MediaLab

Ամերիկյան հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության` Ղարաբաղին տված գնահատականներն արդեն տարատեսակ մեկնաբանությունների են արժանացել Հայաստանում:
Օրերս Freedom House-ը հրապարակել էր «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցը, որտեղ առաջին անգամ որպես տարածք Ղարաբաղը բնութագրվում է  որպես «անազատ» քաղաքական և քաղաքացիական համակարգեր ունեցող, այնպես, ինչպես Ադրբեջանը:
Ինչպես հայտնի է, կազմակերպությունը Ղարաբաղին որակել է որպես «անազատ» երկիր` գնահատականը հիմնավորելով նրանով, որ անցյալ տարվա մայիսին կայացած ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում ոչ մի ընդդիմադիր թեկնածու չի մասնակցել:
Մինչ այժմ Ղարաբաղը Freedom House-ի զեկույցներում մշտապես որակվել էր որպես «մասամբ ազատ» երկիր, ինչպես Հայաստանը:

Որոշ փորձագետներ արդեն պնդում են, որ սա չի կարող իր ազդեցությունը չունենալ բանակցային գործընթացի վրա, ոմանք էլ անհամաձայնություն են հայտնում այդ գնահատականների հետ:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը պնդում է` պետք է սթափվել:

«Կարծում եմ` հեղինակավոր կազմակերպության նման ծանր և անպատվաբեր գնահատականը, որը միանգամայն օբյեկտիվ է, պետք է սթափեցնի ոչ միայն ԼՂ, այլև Հայաստանի իշխանություններին։ Հայկական կողմը սրընթաց կերպով կորցնում է իր հաղթաթղթերը բանակցային գործընթացում, և սա կարող է էական և մեզ համար խիստ անբարենպաստ ներգործություն ունենալ տարածաշրջանի առաջիկա զարգացումներում»,- «Մեդիալաբին» ասում է Մեհրաբյանը։

Քաղաքագետի խոսքով` ժամանակն է սթափվել և հասկանալ, որ ղարաբաղյան բանակցություններում բեկումը հնարավոր է, եթե բեկում տեղի ունենա ներքին կյանքում։

«Հակառակ դեպքում այս «դեղին քարտից» հետո կարող են հետևել վտանգավոր զարգացումներ։ Կարծում եմ` սա առաջին հերթին պետք է մտահոգի ԼՂ իշխանություններին, ԼՂ դիվանագիտությանը, որտեղ, վստահ եմ, բանիմաց մարդիկ շատ են»,- ասում է Մեհրաբյանը։

ՀՀ ԱԳՆ մամլո նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Մեդիալաբի» հետ զրույցում պնդում է` հայկական կողմը այսպիսով կորցրել է իր հաղթաթղթերից մեկը. այն է, որ համեմատաբար ավելի ազատ և ժողովրդավար Ղարաբաղը չի կարող նվազ ժողովրդավարություն ունեցող Ադրբեջանի մաս կազմել:

Այս պնդումը, ըստ ԱԳՆ մամլո նախկին խոսնակի, մշտապես օգտագործվել է հայկական դիվանագիտության կողմից` տարբեր մակարդակի հանդիպումների ժամանակ: Ըստ Կարապետյանի` հիմա, երբ Ղարաբաղն ու Ադրբեջանը ամերիկյան հեղինակավոր կազմակերպության կողմից դրվել են մեկ հարթության վրա, կարող է նշանակել, որ միջազգային հանրությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հնարավոր է փորձում է բեկում արձանագրել, և քանի որ համարում է, որ խոչընդոտը հայկական կողմից է, ուստիև չեզոքացնում է այդ խոչընդոտը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ ասում է, թե ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության այդ գնահատականը կոնյունկտուրային է:

«Ընդհանրապես, այս մեկ տարվա ընթացքում Ղարաբաղում էական փոփոխություններ չեն եղել, այնպես որ, այս հանգամանքը բացատրում եմ նրանով, որ հայկական դիվանագիտությունը վերջին մեկ տարում բավական կորուստներ է ունեցել, միջազգային կազմակերպությունների կողմից ԼՂ հարցի վերաբերյալ հնչող գնահատականների բացասական միտում եմ տեսնում, և, կարծում եմ, այդ միտումը կշարունակվի»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Քաղաքագետն ասում է, որ չնայած Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ ԼՂ հարցում տեղի չունեցավ այն, ինչ սպասում էր Ադրբեջանը, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ մենք նման գնահատականների հետևանքները չենք տեսնելու առաջիկայում:

«Այդ գնահատականների հետևանքները, այդ վտանգները կգան մի օր, և մենք կտեսնենք»,- վստահ է Երվանդ Բոզոյանը:

Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած տարեկան զեկույցի հաջորդ օրը ամփոփիչ մամլո ասուլիս է հրավիրել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը, սակայն, որևէ կերպ չի անդրադարձել ամերիկյան կազմակերպության կողմից Ղարաբաղին տված գնահատականներին:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am