Հովիկ Աբրահամյանի գույքը երեք տարում հնգապատկվել է. Fip.am

Հովիկ Աբրահամյանի գույքը երեք տարում հնգապատկվել է.  Fip.am
Հովիկ Աբրահամյանի գույքը երեք տարում հնգապատկվել է. Fip.am

Նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գույքի քանակը վերջին չորս տարում ավելացել է 17-ով։ Մամուլում երկար տարիներ խոսվել է, որ նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանին պատկանող բազմաթիվ շարժական և անշարժ գույք, ընկերություններ գրանցված են նրա մերձավորների, բարեկամների և աշխատողների անուններով։ 

Դեռևս 2014-ին, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպե՞ս է նա հարստացել, Աբրահամյանը պատասխանել էր. «Ես դա իրոք աշխատել եմ այն տարիների ընթացքում, երբ որ աշխատել եմ, հողագործությամբ եմ զբաղվել այն ժամանակ, երբ որ դա թույլատրվել է»։

Հատկանշական է, որ Աբրահամյանը 1995-2016 թվականներին՝ 21 տարի, զբաղեցրել է պետական պաշտոններ՝ քաղաքապետ, պատգամավոր, մարզպետ, նախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ և վարչապետ։ 

Աբրահամյանը վերջին անգամ հայտարարագիր ներկայացրել է 2016-ի սեպտեմբերի 8-ին՝ վարչապետի պաշտոնը դադարեցնելու առթիվ։ Այն ժամանակ նա հայտարարագրել էր երեք բնակարան և մեկ ավտոտնակ, ինչպես նաև խոշոր չափերի գումար՝ 160 մլն դրամ և 1.5 մլն դոլար։

Սակայն վերջին չորս տարում պաշտոնաթող վարչապետը նոր բնակարաններ ու հողատարածքներ է ձեռք բերել, և հատկանշական է, որ դրանք գնել է իր մերձավոր հարազատներից։ 

Աբրահամյանի նոր գույքը

Կադաստրի պետական կոմիտեից Fip.am-ին տրամադրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ Աբրահամյանի անունով ներկայում գրանցված է 21 միավոր գույք, այսինքն՝ ավելի քան հինգ անգամ ավել։ Ամբողջական ցանկը ներկայացնում ենք ստորև։

Փաստորեն, միայն հայրենի Մխչյան գյուղում Աբրահամյանը ձեռք է բերել 12 գյուղատնտեսական նշանակության հողատարածք։ Ուսումնասիրելով կադաստրային փաստաթղթերը՝ պարզ դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը 2018 թվականին նոր տարածքներ է ձեռք բերել նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Արզական համայնքներում։ 

Ներկայում Ծաղկաձորում Աբրահամյանին պատկանող երկու հողամաս կա՝ ընդհանուր առմամբ 1.592 հեկտար մակերեսով։ Դրանք են Անտառային 1-ին թաղամասի թիվ 3 և 4 հասցեներում գտնվող հողամասերը։ 

Այս երկու հողատարածքները 2009 թ․-ից պատկանում էին Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, որը դրանք ձեռք էր բերել, համապատասխանաբար, 10 և 1 մլն դրամով։ Սակայն 2018 թ. ապրիլի 6-ին Աբրահամյանը գնել է այդ երկու հողատարածքները՝ որդուն վճարելով, համապատասխանաբար, 44 և 3.2 մլն դրամ։

Ըստ կադաստրային փաստաթղթերի, այս հողատարածքները գտնվում են Ծաղկաձորի հատուկ պահպանող տարածքում։ Այստեղ առկա է երկու հանգստի տուն՝ 395 քմ և 250 քմ մակերեսով։ Ի սկզբանե սրանք եղել են ինքնակամ շինություններ և օրինականացվել են Հովիկ Աբրահամյանի կողմից՝ 2018-ի հուլիսին և 2019-ի հունվարին։ Օրինականացման համար նախկին վարչապետը պետությանը վճարել է 2.06 մլն և 1.3 մլն դրամ։ 

Արզականում Հովիկ Աբրահամյանին է պատկանում մեկ հողամաս՝ 0.331 հա մակերեսով, որի վրա կառուցված է երկու քոթեջ՝ 28.1 և 32.7 քմ մակերեսով։ Այս հողամասը և քոթեջները Հովիկ Աբրահամյանը ևս գնել է որդուց՝ Արգամից, կրկին 2018-ի ապրիլի 6-ին՝ վճարելով 5.2 մլն դրամ։ Արգամ Աբրահամյանը դրանք ձեռք էր բերել դեռ 2005-ի հուլիսին՝ յուրաքանչյուրի համար վճարելով 2.5 մլն դրամ։ 

Փաստորեն, վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Հովիկ Աբրահամյանը որոշել է «հետ վերցնել» իր գույքը մերձավորներից, այս դեպքում՝ որդուց։ Հատկանշական է, որ Արգամ Աբրահամյանն այդ հողատարածքները ձեռք էր բերել 19 և 23 տարեկան հասակում, երբ նրա հայրը բարձրաստիճան պաշտոնյա էր։

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am