Մոսկվան Բաքվին առաջարկում է խաղալ ռուսական ռուլետկա

Մոսկվան Բաքվին առաջարկում է խաղալ ռուսական ռուլետկա
Մոսկվան Բաքվին առաջարկում է խաղալ ռուսական ռուլետկա

Նախագահ Պուտինի այցելությունը Բաքու հասկանալիորեն ավելի բարձրացրեց արդեն իսկ որոշակի նախադրյալների հիման վրա Երեւանում ստեղծված մտահոգության ալիքը: Տարաբնույթ մեկնաբանությունները շարունակում են հեղեղել մամուլի ասուլիսների, մեկնաբանական հոդվածների եւ վերլուծական փորձերի առանցքային նյութերով հագեցվող տարածքները: 

Այս բոլորը սկսվեց, երբ հրապարակվեց Ռուսաստանի կողմից Բաքվին սպառազինելու համար վաճառված զինուժի տարողությունը: Դեպի Բաքու նկատվող ռուսական ջերմացման այս աստիճանաչափի կտրուկ բարձրացումը տարբեր պատճառներ կարող է ունենալ: Հայկական դիտակետից գործընթացը արժեւորելու ընթացքում, անշուշտ ոչ պետք է ողբերգականացնել երեւութը եւ ոչ էլ թերագնահատել այն, անվերջ հանկերգելով, որ դա որեւէ ձեւով չի կարող ազդեցություն ունենալ Երեւան-Մոսկվա ռազմավարական հատուկ գործընկերության վրա: Քաղաքական տրամաբանության համահունչ նախադրյալներ  են պարփակում այն պնդումները, որոնք ներկա ժամանակահատվածին առնված ռուսական քայլը բացատրում են Եւրամիության ասոցացման փաստաթղթի նախօրյակին դիպուկ ուղերձներ փոխանցելու մղումով: Ի վերջո Եւրասիան եւս առաջարկվող ուղի է Երեւանի համար. Եւ առաջարկողը ուրիշ կողմ չէ, եթե ոչ ռազմավարական գործընկերը կամ Ադրբեջանը սպառազինողը: Պատճառահետեւանքային տրամաբանությունը կարելի է երկարել այլ մղումներ եւս տեսնելու համար Մոսկվայի կողմից առնված եւ առնվող քայլերի հետևում:

Հիմա, կենտրոնանանք մի քանի դիտարժան կետերի վրա, որոնք ընդհանուր առմամբ արձանագրվել են Բաքվում կայացած միջնախագահական համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է  միայն քաղաքական լուծում ունենալ: Իսկ ահա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարծիքով, ԼՂՀ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա: Վերջինս նաեւ հիշեցրել է «պատմական արդարության» մասին եւ նշել, որ Ռուսաստանը մեծ դեր  խաղում հակամարտության հանգուցալուծման գործում:

Ալիեւի խուսանավումը այստեղ նախնական է: Ալիեւը նախ փորձ  է կատարում չվերարտադրելու իր  ռուս պաշտոնակցի կատարած հայտարարության ընթացքում օգտագործված բառեզրը, որովհետեւ դա  ուղղակի հակադրվում է ներքին սպառման համար տարիներ ի վեր իր կողմից շահարկված եւ տակավին շահարկվող ռազմատենչ հռետորաբանությանը, որը բարձրակետի էր հասել վերջերս: Նույնիսկ պատերազմի նախապատրաստություններ տեսնելու  եւ զորակոչի խաբկանք ստեղծելու ուղղությամբ հայտարարություններ կատարելով: Փոխարենը, նա խոսում է միջազգային օրենքի հիման վրա հարցը լուծելու մասին, ինչը որ, բնականաբար, պետք է հասկանալ տարածքային ամբողջականության սկզբունքը գերադասելով: Ակնկալությունը շարունակության մեջ է. Ռուսաստանը, որը մեծ դերակատարություն ունի հակամարտության հանգուցալուծման մեջ, պետք է վերականգնի պատմական արդարությունը:

Տարածաշրջանում մեծ դերակատարը սակայն, կրկնում է այն, ինչ որ համանախագահները ասել են  ու կշարունակեն ասել. խնդրի լուծումը բացառապես քաղաքական հարթության վրա պետք է տեսնել: Բայց…ռուսական վտանգավոր խաղը շարունակվում է: Վեց միլիարդ դոլարի համապատասխան սպառազինել կողմը, որ հակամարտության մեջ է իր ռազմավարական հատուկ գործընկերոջ հետ եւ հետո հայտարարել, որ խնդիրը պետք է բացառապես քաղաքական ճանապարհով լուծել:

Եւ խաղը շարունակվում է. երեքշաբաթի օր, գրեթե միաժամանակ Պուտինի Բաքու այցելության, նախագահ Սերժ Սարգսյանը  ընդունում էր Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին:  ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը հայտնում էր, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ խոսել են երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջեւ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման բարձր մակարդակի մասին եւ անդրադարձել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմաարհեստագիտության համագործակցության ամրապնդման եւ խորացման ուղղված ծրագրերին: Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պաշտպանության ոլորտի փոխգործակցության հետագա ընդլայնման վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ին՞չ է ստացվում. Ստացվում է այն, որ Ռուսասատնը մեծ չափերով զինում է Բաքվին, հետո Բաքվում հայտարարում, որ հարցերը բացառապես պետք է քաղաքական մակարդակով լուծել: Բաքվին զինելու եւ նրա հետ նոր պայմանագրեր ստորագրելու ընթացքում, նույն օրերի ճշտապահությամբ, Մոսկվայի ներկայացուցիչը պաշտպանության ոլորտի համագործակցության ծիրը ընդլայնելու բանակցություններ է վարում հայկական կողմի հետ: Արդյունքն այն է, որ վտանգավոր խաղի կանոնները թելադրում է Մոսկվան միաժամանակ թե՜ Երեւանին եւ թե՜ Բաքվին:

Առաջին հայացքից թվում է, թե հայկական կողմը կոչ է ուղղում Բաքվին չներքաշվելու այս վտանգավոր խաղի մեջ: Երեկ պարզ դարձավ, որ Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնում  Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել ջրային պաշարների համատեղ կառավարման շուրջ:

Կարեւորը երկխոսություն ստեղծելու  կամ բանակցային սեղանի շուրջ նստելու առաջարկն է, որ համահունչ է նաեւ Պուտինի՝ Բաքվում հայտարարած քաղաքական ճանապարհ ընտրելու կոչին եւ ոչ՝  նույն Մոսկվայի կողմից Բաքվին  հսկայածավալ զինելուն: Դա արդեն Բաքվին ուղղված վտանգավոր խաղին մասնակցելու առաջարկ է: Իսկ ռուսական վտանգավոր խաղը աշխարհին ծանոթ է ռուլետկա անունով: Ռուսական ռուլետկա:

 Շահան Գանտահարյան 

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր