Զինվորական դատախազությունը կքննարկի ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի գործը վերանայելու դիմումը. ՀՔԱՎ

Զինվորական դատախազությունը կքննարկի ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի գործը վերանայելու դիմումը
Զինվորական դատախազությունը կքննարկի ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի գործը վերանայելու դիմումը

ՀՀ գլխավոր դատախազությունը ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի գործը վերանայելու հարցով նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի դիմումը 2019 թ․-ի դեկտեմբերի 30-ին թվագրված գրությամբ ուղարկել է ՀՀ զինվորական դատախազություն։

ՀՔԱՎ փաստաբան Ա․ Զալյանը ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել դեկտեմբերի 13-ին՝ այն բանից հետո, երբ Գլխավոր դատախազությունը  հաղորդագրություն տարածեց՝ 2008 թ․-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների մասնակից 10 անձի վերաբերյալ դատական ակտերի բողոքարկման մասին։

Դատախազությունը հայտարարել էր, որ այդ գործերով կոնվենցիոն իրավունքների առերևույթ խախտմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրության գործընթացի արդյունքում վճռաբեկ բողոքներ է ներկայացրել։

Հիշեցնենք, որ Արթուր Քոչարյանի գործով նրա պաշտպան Ա․ Զալյանը գործի վերանայման վարույթ հարուցելու պահանջով դեռևս 2019 թվականի փետրվար և մայիս ամիսներին դիմել էր ՀՀ Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը մեկ որոշմամբ անադրադարձել էր ներկայացված երկու վճռաբեկ բողոքներին և կայացրել վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին չհիմնավորված որոշում։

Արդարադատության նախարարությունն էլ մերժել էր այդ որոշումն ընդունած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել։