Օգոստոսի 7-ից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում առաջացած խմելու ջրի խնդիրը մինչ օրս ամբողջությամբ չի կարգավորվել:
Ստեփանակերտի ջրամատակարարման, ջրահեռացման և կոյուղաջրերի հարցերով զբաղվող «Ջրմուղ-կոյուղի» ընկերության պետ Գագիկ Պողոսյանը «Մեդիալաբին» ասում է, որ այս պահին ջրազրկված է Ստեփանակերտի մոտ 20 տոկոսը, մնացած հատվածներում քաղաքացիները ջրի խնդիր այլևս չունեն:
«Այս պահին ջրազրկված է Ստեփանակերտի միայն մեկ՝ վեցերորդ գոտին, բայց ոչ ամբողջությամբ: Քանի որ երեկ մեկուկես ժամի չափով անձրև եկավ, հնարավորություն տվեց վեցերորդ գոտու մի մասն էլ ջրով ապահովել»,- ասում է Գագիկ Պողոսյանը:
Ստեփանակերտի վեցերորդ գոտու այն հատվածները, որոնք ջրազրկված են, «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը տեղադրել է 25 հատ 2, 3 և 5 տոննա տարողությամբ պոլիէթիլենային բաքեր, որոնցով ապահովվում է շուրջօրյա ջրամատակարարումը: Թաղամասերում էլ, որտեղ հնարավոր չէ բաքեր տեղադրել, ընկերության մեքենաներն են շրջում և դույլերով ջուր բաժանում ստեփանակերտցիներին:
Խմելու ջրի խնդրի առաջացման երկու հիմնական պատճառ է առանձնացնում «Ջրմուղ-կոյուղի» ընկերության պետը.
«Ջրի պակասի առաջին խնդիրն այն է, որ պատերազմից հետո կտրուկ ավելացել է Ստեփանակերտի բնակչության թիվը՝ շուրջ 13-15 հազարով: Երկրորդ խնդիրն այն է, որ անցած տարվա համեմատ՝ տեղումների քանակը 50 տոկոսով նվազել է»:
Նա ընդգծում է՝ Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրն ամբողջությամբ կկարգավորվի առաջին անձրևներից հետո, քանի որ արդեն փաստը կա՝ միայն երեկ գիշեր մեկուկես ժամ տեղացած անձրևի շնորհիվ ընդհանուր ջրի քանակն ավելացել է 10-15 լիտրով:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am