«Պուտինը, կանխազգալով երկրում հզոր դժգոհության ալիքը, փորձում է պարպել այդ դժգոհությունը, բերել նոր կառավարություն». Անուշ Սեդրակյանը

Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

– Տիկի՛ն Սեդրակյան, ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումները, Պուտինի՝ սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարությունը, կառավարության ցրումը։ Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է, ի վերջո, տեղի ունենում ՌԴ-ում։

– Տեղի է ունենում հասարակական դժգոհության ալիքի պարպում, դա ակնհայտ է։ Դա տարածված մոտեցում է և՛ ընդհանուր քաղաքականության մեջ, և՛ ռուսական քաղաքականության մեջ դեռևս ցարի օրոք և ցարից հետո, փետրվարյան հեղաշրջումից հետո։ 

Այսօր ՌԴ Պետական դումայի ցրումը տեղի է ունենում աճող ժողովրդական դժգոհության ֆոնին, որովհետև Ռուսաստանը գտնվում է իր բոլոր ցուցանիշների նվազման փուլում՝ տնտեսական, ժողովրդավարական, իրավունքների, ազատությունների, սոցիալական ապահովվածության։ Պուտինը, որը բավականին խորամանկ և ինֆորմացված ղեկավար է, կանխազգալով երկրում հզոր դժգոհության ալիքը, այդ թվում՝ մոտիկ բիզնեսմենների դժգոհության ալիքը, որոնք ճկված են սանկցիաների տակ, ինքը փորձում է պարպել այդ դժգոհությունը, բերել նոր կառավարություն, փոխել այսօրվա դերակատարներին և դրանով ստեղծել նորացման և փոփոխության տեսլական։ 

Պետք է նաև ասել, որ Պուտինի այդ գործողությունները նաև պայմանավորված են նրանով, որ ինքն էլ որոշակի դժգոհություն ունի, որովհետև դեռ Սալտիկով-Շչեդրինն էր ասում, որ ռուսական բյուրոկրատիան ամենակոռումպացվածն է աշխարհում։ Պուտինը նույնիսկ փորձեր է անում բռնել, նստացնել ոմանց։ 

Հայաստանը միակը չէ, որտեղ կոռուպցիոն գործերով մարդիկ են բռնում, Ռուսաստանում էլ այդպիսի խղճալի փորձեր կան։ Նրա դժգոհությունը պայմանավորված է նաև նրանով, որ ինքն իր ֆունկցիոներներին տվել է հարստանալու մեծ հնարավորություն, բայց արդյունք չի ստանում։ 

Իսկ ինքն ունի մեծապետական պլաններ, ինքը Միջին Արևելքում ընդլայնվում է, այնտեղ կա Սիրիայի հարցը, Թուրքիայի հետ մտերմություն կա, այդ բոլոր ընդլայնումները բերում են նրան, որ Պուտինի մոտ պետք է լավ աշխատող թիկունք, որ ինքն իրականացնի մեգալոմանիկ պատերազմական ծրագրերը։ 

Ահա այդ թիկունքը չի աշխատում, և Պուտինը զայրացած ու վախեցած է։ Խոսել նրա մասին, որ ինքը ժառանգորդ է պատրաստում, հավանական չէ, որովհետև ինքը չի հեռանա խաղաղ ճանապարհով։ 

Նրան ինչ-որ ձևով կհեռացնեն կամ կմերժեն, բայց ուրիշ տարբերակ չկա։ Գուցե նաև պալատական հեղաշրջման փորձ ակնկալելով, վախենալով՝ նա կատարում է այս փոփոխությունները կառավարությունում, որպեսզի ինքն իրեն ապահով զգա։ Այստեղ նաև հավատարիմ ֆունկցիոներական համակարգ ունենալու խնդիր կա։ 

– Սա Ռուսաստանում ցնցումների չի՞ հանգեցնի։

– Տեսեք՝ Հայաստանում շատ են խոսում ներգաղթի մասին, բայց ներգաղթ չկա որպես այդպիսին։ Կա արտագաղթ, այն շարունակվում է և հնարավոր չէ կոծկել։ Հիմա նույնը եկեք խոսենք Ռուսաստանի ցնցումների մասին. Ռուսաստանն ունենում է վերջնական և ավարտուն մեկ ցնցում՝ խիստ արյունալի և խիստ պրոբլեմատիկ։ 

Մենք բոլորս գիտենք, որ Ռուսաստանն ամեն պատեհ-անպատեհ առիթով չի ցնցվում։ Այս կառավարության փոփոխությունը Ռուսաստանում չի հանգեցնի ցնցումների, ռուսներն առայժմ չունեն ո՛չ ընդդիմադիր լիդեր, ո՛չ էլ համախմբված ծրագիր, բայց որ իրենք ունեն միասնական դժգոհություն, դա ակնհայտ է։ 

Պատժամիջոցներն ազդում են, բոլոր բնական ռեսուրսները մսխվում են, ջրի գնով վաճառում են բնական ռեսուրսները։ Միայն Հայաստանն է, որ միջազգայինից բարձր գնով գազ է գնում Ռուսաստանից, որը շատ կարևոր փաստ է և որը չի կարելի անտեսել։ Ամեն անգամ, երբ խոսում ենք մեր և Ռուսաստանի հարաբերությունների մասին, մենք պետք է դրան անդրադառնանք նորից ու նորից։ 

– Այս փոփոխությունը, փաստորեն, ճգնաժամի հաղթահարման քա՞յլ եք դիտարկում։

– Իհարկե այդպիսի քայլ չէ, սա ճգնաժամը կանխելու քայլ է։ Այսինքն՝ ինչ-որ ալիքներ կանխելու քայլ է։ Ինձ թվում է՝ ներքին դավադրությունը կանխելու համար է արվում։ Մենք հասկանում ենք, որ բոլոր բաները հասունանում են ներսից, այսինքն՝ ոչ այնքան հասարակության կողմից է ակնկալվում պայթյունը, որքան դա գալիս է բիզնեսմենների և ֆունկցիոներների շրջանակից։ Տվյալ պահին Պուտինն ինքն իրեն է ապահովագրում և երկարացնում է իր քաղաքական կյանքը։ 

– Հայաստանում դա չհաջողվեց Սերժ Սարգսյանին, Պուտինին այս փոփոխություններով կհաջողվի՞։

– Ինձ թվում է՝ առայժմ կհաջողվի, որովհետև եկեք հաշվի առնենք, որ Թրամփը շատ լոյալ է Պուտինի հանդեպ, ի տարբերություն, ասենք, Ռոնալդ Ռեյգանի, որը շատ խիստ էր տրամադրված չարիքի կայսրության՝ Խորհրդային Միության դեմ։ 

Մենք տեսանք, որ Ռեյգանը փորեց բոլոր այդ հիմքերը, իսկ ամերիկյան ու եվրոպական իսթեբլիշմենթը, ճիշտ է, բացասաբար է վերաբերվում պուտինյան բռնապետությանը, բայց միաժամանակԹրամփի լոյալությունը Պուտինի հանդեպ կարող է նրան բավականաչափ քաղաքական երկարակեցություն ապահովել։ Թրամփի անձնական լոյալությունն ակնհայտ փաստ է, դա անժխտելի է։

– Ռուսաստանում նախագահի ժառանգորդը դեռ չի՞ ուրվագծվում։

– Պուտինը կարող է թևքից հանել միլիոն ժառանգորդ, բայց իրականում ինքը չի պլանավորում իշխանությունը որևէ մեկին հանձնել։

Մանե Հարությունյան

MediaLab.am