«Թարգեք մանիպուլյացիաները ու հանգիստ նստեք տեղներդ»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

Եւս մեկ անգամ ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ հրավիրելու մասին, քանի որ ոմանք խտրականություն են տեսել, թե ինչո՞ւ է ԱԳՆ-ը այդպես վարվել միայն ՌԴ դեսպանի հետ:

Նախկին նախագահների, պետական ու քաղաքական գործիչներին, անգամ քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց հետ օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների՝ դեսպանների ու դեսպանատների աշխատակիցների հանդիպումները նորմալ պրակտիկա են ամբողջ աշխարհում: Ոչ մի կրիմինալ բան չկա: Այդպես վարվել ու վարվում են Հայաստանում հավատարմագրված դիվանագետները ու այլ երկրներում հավատարմագրված մեր դիվանագետները: Սակայն, Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպումը ամենևին այդ շարքում չէր: Այն թվացյալ է այդպիսին:

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդվող ու քաղաքական հալածյալ չէ: Դա ինքնահռչակվող ստատուս չէ, որպեսզի Քոչարյանն ասի ես քաղբանտարկյալ եմ ու բոլորը ճանաչեն այդ ստատուսը: ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատները ուշի ուշով ու ամենայն մանրամասնությամբ հետևում են այդ գործին ու լավ գիտեն, որ քրեական գործի 80 հատորների ավելի քան 800 ցուցմունքները հորինված չեն: Քոչարյանի փաստաբաններից և ոչ մեկ կասկածի տակ չի դրել այդ 800 վկաներից որևէ մեկի տված ցուցմունքը կամ դրա արժանահավատությունը: Նրանց ամբողջ զրույցը վերաբերել ու վերաբերում է նրան, թե Քոչարյանը որպես նախագահ բացարձակ անձեռնմխելի է, ամեն ինչ կարող էր իրեն թույլ տալ ու պատասխանատվության չենթարկվել դրա համար: Մի փաստարկ, որի վրա բոլորը ծիծաղում են: Սակայն, կրկնում եմ, ոչ մեկ կասկածի տակ չի դրել, որ նրա դեմ ցուցմունքներ են կորզվել կամ ապացույցներ կեղծվել… Չկա նման բան:

Քոչարյանին քրեական հետապնդման գործում Ռուսաստանը քանի անգամ բաց տեքստով է աջակցություն հայտնել, ինչի իրավունքը չուներ ու իսկապես դա եղել է միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Բավական է հիշել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրապարակային մուննաթը, թե Նիկոլ Փաշինյանը իշխանության գալիս պարտավորվել է չհետապնդել նախկիններին, ինչը որևէ կերպ չի տեղավորվում իրավական պետության մասին ՀՀ սահմանադրության ամրագրման մեջ։

Հավելած՝ ՌԴ նախագահի դեմոնստարտիվ շնորհավորանքները Ռ.Քոչարյանին: Չհաշված ՌԴ պետական խորհրդականի աստիճան ստացած Մեդոստ Կոլերովի մուննաթը, թե Նիկոլ Փաշինյանը մերժել է կատարել Ռ.Քոչարյանին ազատ թողնելու Վ.Պուտինի խնդրանքը… Դրան էլ հավելած այն, որ ՌԴ դեսպանի հանդիպման մասին հաղորդագրությունն էլ այդպես ներկայացվեց ու մատուցվեց: Հետո իհարկե կռուտիտ-պարզաբանում եղավ, բայց փաստ է, որ ՌԴ շարունակում է բացահայտ ցույց տալ, որ Ռ. Քոչարյանը գտնվում է իրենց խնամակալության ներքո ու «անձեռնամխելի և անհետապնդելի» է…. Չթվարկենք նախկին Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագ Հարությունյանին, Միհրան Պողոսյանին Հայաստանին չհանձնելու ու նրանց էլ «անհետապնդելի ու անձեռնամխելի դարձնելու» բացահայտ փաստերը: Այս ամենը հստակ ցույց է տալիս, թե որքան տարբեր ու արտառոց է է ՌԴ դեսպանի ու Ռ.Քոչարյանի հանդիպման փաստը որևէ օտարկերկրյա դեսպանի ու որևէ հասարակական, պետական գործիչի կամ ձեռներեցի հանդիպումից…. Հետևաբար, միանշանակ էր, որ ՌԴ դեսպանը պետք է հրավիրվեր ՀՀ ԱԳՆ ու նրան բացատրվեր, որ ՀՀ ներքին գործերին միջամտությունը անթույլատրելի է: Նման գործելաոճ Հայաստանում չի ցուցաբերել մեր երկրում հավատարմագրված որևէ դեսպան կամ դիվանագետ…. Սա աննախադեպ էր:

Ըստ որում, ոչ թե ՀՀ պաշտոնյայի են կանչում ՌԴ դեսպանություն՝ «բացատրելու, թե որը որից հետո պետք է լինի», ինչը, պատկերացրեք, նախկինում ավանդույթ է եղել հայ-ռուսական հարաբերություններում, այլ Ռուսաստանի դեսպանին են հրավիրել ՀՀ ԱԳՆ, ինչը աննախադեպ է: Իհարկե, մեր ԱԳՆ վարքագիծը, կառավարության վարչապետի ու ԱԳ նախարարի կայացրած որոշումը հիացմունքի արժանի է, սակայն դա այն նվազագույնն է, ինչը պետք է աներ ու անի ցանկացած իրեն հարգող, ինքնիշխան պետություն: Ու դա արվեց ճիշտ, ժամանակին, առանց ավելրդությունների: Ու վստահ եմ, նրանք դա անելու են, եթե տեսնեն, որ Հայաստանում հավատարմագրված որևէ դեսպան միջամտում է մեր ներքին գործերին՝ լինի դաշնակից պետության, թե որևէ այլ երկրի դեսպան:

Այնպես որ, թարգեք մանիպուլյացիաները ու հանգիստ նստեք տեղներդ: Նման բան անելու հիմքերը լիուլի են եղել ու պետք է ՌԴ դիվանագետն ի վերջո ուղերձ ստանար, որ Հայաստանը միջազգային պարտավորություններին ու իր օրենսդրությանը համապատասխան արդարադատության ներպետական գործառույթ է իրականացնում ու դա բացառապես ներքին գործ է, դրա մասին կարծիք կարելի է ասել, եթե նկատվի, որ Հայաստանի իշխանությունները որևէ մեկին հետապնդում են քաղաքական հայացքների ու գործունեության համար: Իսկ Ռ.Քոչարյանին աշխարհի ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն, ոչ մի միջազգային կազմակերպություն ու կառույց, ոչ մի պետություն, անգամ Ռուսաստանը չի ճանաչել քաղհալածյալ։