Զարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ-ի և Կանադայի հայ լրագրողների հետ

Հեղինակ MediaLab

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում գործող հայկական լրատվամիջոցների երկու տասնյակ ներկայացուցիչների և լրագրողների հետ։ Ողջունելով մասնակիցներին՝ Գլխավոր հանձնակատարը կարևորեց սփյուռքում հայկական լրատվամիջոցների աշխատանքը, դրա դերակատարությունը Հայաստան-սփյուռք համագործակցության ամրապնդման և սփյուռքի մեր հայրենակիցների տեղեկացվածության գործում։

Մոտ 2 ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը լրագրողական հանրույթին ներկայացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերը՝ հատկապես առանձնացնելով «իԳործ»-ը, լիբանանահայերի ինտեգրման փաթեթը, հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ստեղծումը և այլն։

Մասնակիցների հարցերի շրջանակը լայն էր՝ լիբանանահայության խնդիրներից մինչև ներդրումներ, հայրենադարձություն և ներհայաստանյան զարգացումներ։

Հանդիպման ավարտին մասնակիցները և Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նման ձևաչափով քննարկումներիը պարբերաբար անցկացնելու հույս հայտնեցին՝ նպատակ ունենալով ամրապնդել նաև Հայաստանի և սփյուռքի միջև լրատվական հաղորդակցությունը։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։