«Անպատիժ մնալը ՎովաԳասպարյանին թույլ է տալիս այսպիսի վարքագիծ դրսևորել». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ վերջին միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը, և այս անգամ գործը ի վերջո կհասնի՞ իր տրամաբանական ավարտին՝ հաշվի առնելով այն դատական համակարգը, որ այսօր ունենք:

– Ես գործի քննությանը չեմ վստահում, որովհետև հիշում եք, որ իր եղբոր նկատմամբ կար հարուցված քրեական գործ, երբ Վարդավառի օրը իրեն ջրող երեխայի հորը նվաստացրել էր, և այդ գործը փակվեց-գնաց: 

Դա հեղափոխությունից հետո էր, այնպես որ, ես վստահություն չունեմ, որ այս հարուցված գործն արժանանալու է օբյեկտիվ քննության և այն ելքին, որին սպասում ենք, ինչը օրենքն է նախատեսում: 

Ես մտածում եմ՝ որտեղի՞ց նրան այդ «քաջությունը», որ այս իշխանության օրոք այդպիսի անկեղծ, բացահայտ լկտի ձևով սպառնա լրագրողներին, մեքենան վարի նրանց վրա, ասի՝ կսատկացնեմ, կոչնչացնեմ: 

Ինձ մոտ տպավորություն է, որ այդ սպառնալիքն ուղղված է նաև իշխանությանը, որովհետև դա իր առանձնատանն է վերաբերում: 

Հեղափոխությունից հետո մենք չգիտեինք, որ Վովա Գասպարյանը ինչ-որ բանում մեղադրվում է, և Սերժ Սարգսյանի ժամանակ իր անպատիժ պաշտոնավարելը և հիմա էլ անպատիժ մնալը իրեն թույլ են տալիս այսպիսի վարքագիծ դրսևորել, որ բացահայտ սպառնում է նաև իշխանությանը:

– Ինչո՞ւ հեղափոխությունից 2 տարի անց նախկին իշխանության ներկայացուցիչները դեռ սպառնալիքներ են հնչեցնում, որովհետև դատական համակա՞րգն է թույլ, ոստիկանական համակարգն իր տեղո՞ւմ չէ: 

– Ես կարծում եմ, որ վարչապետի ոչ այդքան վճռական քայլերը, ընտրովիության սկզբունքը՝ ում են պատժում, ում՝ չէ, և այն, որ կատարվող քայլերը ոչ մի կերպ չեն վերաբերում իրավապահ մարմիններին, դատական համակարգին: 

Մենք տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվել, մնացել է նույնը: Ես կարծում եմ, որ ստվերում կանգնած այսպիսի կերպարները, ինչպիսիք Վովա Գասպարյանն է և այլք, իրենցից ուժ են ներկայացնում, վստահ են իրենց վրա, որ կարող են ինչ-որ բանի հասնել, սպառնալ, որ կարող են հանգիստ թողնել իրենց ունեցվածքը: 

Փաստաբանն էլ այնտեղ պնդում է, որ լրագրողներն իրավունք չունեն նկարելու նրա առանձնատունը: Այս ամենը արդյունք է իշխանության ոչ վճռական քայլերի: 

– Պարզվում է, որ լրագրողները Վովա Գասպարյանի առանձնատանը չեն էլ մոտեցել, ինքն է նախահարձակ եղել: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է նա իրեն նման վարք թույլ տվել:

– Նախ՝ նա իրեն զգում է գեներալիսիմուս, անձեռնմխելի անձ, հետևաբար, իր ունեցվածքին ոչ ոք իրավունք չունի անգամ նայել: 

Նաև փաստենք, որ նա միշտ էլ լրագրողների նկատմամբ ունեցել է թշնամական վերաբերմունք: Դուք հիշում եք, որ Վովա Գասպարյանն անզոր էր եղել, և «Սասնա ծռերը» կարողացել էին գրավել ՊՊԾ գունդը: 

Եվ այդ չարությունն ու անզորությունը նա թափեց լրագրողների վրա: Հիշում եք, թե ինչպես բոլորին հավաքեցին մի տեղ և ռմբակոծեցին լրագրողներին: Դա հատուկ ակցիա էր: 

Այսինքն՝ այստեղ կա լրագրողների հանդեպ իր ատելության հասնող վերաբերմունքը: Երկրորդ՝ դա ոչ միայն լրագրողներին է վերաբերում, այլև իշխանություններին, և նա լրագրողների դեմ իր արարքով հասկացնում է, որ չհամարձակվեք մոտենալ, նկարել: 

Ագրեսիան գալիս է այդ տրամաբանությունից: Չնայած նա միշտ ծառա է եղել իր պաշտոնավարման ժամանակ, եղել է Սերժ Սարգսյանի ծառան և խոնարհաբար, ինչպես հատուկ է ծառաներին, գլուխն իջեցրած ծառայել է՝ ցանկացած հրաման կատարելով, բայց հիմա ինքն իրեն անձեռնմխելի անձ է հայտարարում: 

Սա արտառոց է: Նա չի ծառայել երկրին, հայրենիքին, նա ծառայել է մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանին: Նա եղել է Սերժ Սարգսյանի թիկնապահը, թիկնազորի ղեկավարը, ընդամենը այդքանը: Նա ոչ մի ներդրում չունի այս երկրում, ինչպես հայտարարում է իր փաստաբանը: 

Դուք հիշում եք, թե ինչ դաժանությամբ էին ջարդում ակտիվիստներին, լրագրողներին, ջարդում տեսախցիկները: Դրանք սարսափելի օրեր էին, ու նա դա անում էր ստորաբար ու նենգաբար: 

Մի բան էլ ավելի է արել, որպեսզի հաճոյանա Սերժ Սարգսյանին: Ընդհանրապես, նախկինները սիրում էին բռնությունը, որ կարող են ցանկացած պահի սանձարձակ պահվածք դրսևորել: 

Տարիներ շարունակ լինելով անպատիժ՝ հանկարծ ինչ-որ մեկը եկել ու նայում է իր դղյակին: Դա նրա միակ ամառանոցը չէ, Մոնումենտում էլ նրա ամառանոցի մասին լեգենդներ են պատմում: 

– Ողջ կյանքում պետական ապարատում աշխատած մեկը կարո՞ղ էր իր աշխատավարձով նման վիլլա ձեռք բերել:

– Ես հենց դրա համար եմ ասում՝ ինչո՞ւ իշխանությունը չի տեսել Վովա Գասպարյանի ունեցվածքը, ինչո՞ւ նա բանտում չէ, ինչպե՞ս է նա այդ ամենը կուտակել: Կոռումպացված կերպար է ինքը և մինչ օրս անպատիժ է, եղբորն էլ ազատեցին պատժից, որը, գիտեք՝ ինչ դաժան վերաբերմունք էր ցուցաբերել երեխայի և նրա ծնողների հանդեպ: Բայց այդ գործը փակեցին: Իսկ ո՞վ է հետաքրքրվում այդ գործերով: Նա հատուկ անպատժելիներից է:

– Կարո՞ղ ենք փաստել, որ այս ամենի պատճառն իշխանությունների թավշյա գործելաոճն է, որը հանգեցրել է անպատժելիության:

– Այո՛, քննչական մարմիններն ընդհանրապես չեն վերահսկվում: Գլխավոր դատախազությունը կամայական կերպով է վերահսկողություն իրականացնում, և նրանց էլ ոչ ոք չի ասում՝ աչքիդ վերևը ունք կա: Ես չեմ պատկերացնում, թե ինչո՛ւ առհասարակ վերահսկողություն չկա իրավապահ համակարգի նկատմամբ: 

Հիմա այնպիսի անօրինական գործեր կան, դատախազությունն իր հսկողությունն իրականացնում է ընտրովիության սկզբունքով, հին ձևով: Ես այս պայմաններում չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է բարեփոխվեն դատախազությունը, իրավապահ համակարգը: Ես կարծում եմ, որ հոգեբանությունը պետք է փոխվի, իսկ ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես է փոխվելու:

Մանե Հարությունյան

MediaLab.am