Ընդդիմադիր պատգամավորն Ադրբեջանի հետ խաղաղության գնալու պայմաններ չի տեսնում

Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խաղաղության օրակարգը միակողմանի է համարում։ Պատգամավորն իր կարծիքը հիմնավորում է այն հանգամանքով, որ Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջին օրերի հռետորաբանությանը:

«Թուրք-ադրբեջանական տանդեմը 2020 թվականի պատերազմում հաջողության հասնելուց հետո շարունակում է ճնշումները Հայաստանի նկատմամբ, շարունակում է Հայաստանի հետ պարտադրանքի լեզվով խոսել է»,-ասաց Օհանյանը:

Պատգամավորն այս համատեքստում խաղաղության օրակարգը խաբկանք է համարում:

«Այդ օրակարգը միակողմանի օրակարգ է: Հակառակորդի կողմից դա խաղաղության պարտադրանք է Հայաստանի նկատմամբ: Դրա համար Ալիևի հռետորաբանությունը, կարելի է ասել, որ նույնիսկ չի էլ փոխվել, քանի որ նա շարունակական ձևով յուրաքանչյուր փուլում նոր պահանջ է ներկայացնում Հայաստանին»,-ասաց նա:

Ըստ Օհանյանի՝ այսօր Ադրբեջանի հետ խաղաղության գնալու պայմաններ չկան։ Պատգամավորը շեշտում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել՝ հայաթափելով Լեռնային Ղարաբաղը։