«Մի ժամով էլ անձրև գա, Ստեփանակերտում խմելու ջրի ճգնաժամը կլուծվի»․ փոխքաղաքապետ

Արդեն մի քանի օր է՝ Ստեփանակերտում խմելու ջրի խնդիր կա. քաղաքի շուրջ 30 տոկոսը զրկված է խմելու ջրից, քաղաքում ամբողջությամբ ջրամատակարարում չի իրականացվում: Խմելու ջուրը ստեփանակերտցիները այս պահին ստանում են ջրի մեքենաներով և սպասում, որ շոգը նահանջի։

«Ջրի ճգնաժամի հետ կապված հիմնական խնդիը եղանակն է, ջերմաստիճանի բարձրացման և անձրևների բացակայության հետևանքով ջրառներում առաջացել է ջրի պաշարի սղություն»,- «Մեդիալաբին» խնդիրը ներկայացնում է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Ռադի Աբրահամյանը։

Պաշտոնյայի ներկայացրած տվյալի համաձայն՝ եթե մեկ ամիս առաջ վայրկյանում եղել է 80 լ ջուր, ապա այժմ այդ ծավալը կազմում է 38 լ։ Այս պահին բնակչության 30 տոկոսը ջուր չունի, ինչը փոխհատուցվում է՝ ԱԻՆ աշխատակիցների միջոցով ջուր է բաժանվում բնակչությանը։

Նշենք, որ դեռևս օգոստոսի 6-ին Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ստեփանակերտում ջրի պաշարները սուղ են, մինչդեռ այն քաղաքացիները, որոնք բնակվում են ցածրադիր գոտիներում, և ում հասանելի է խմելու ջուրը, անխնա և հաճախ ոչ նպատակային օգտագործում են այն: «Խնդրում ենք՝ հնարավորինս խնայողաբար օգտագործեք ջուրը, հիշե՛ք՝ հազարավոր մեր համաքաղաքացիներ զրկված են կենսատու հեղուկից»,-քաղաքացիներին հորդորել էր քաղաքապետարանը։

«Ամեն տարի եղանակային այս պայմանների ժամանակ միշտ էլ այդ խնդիրը առաջանում էր, բայց հիմա առավել ընդգծված է խնդիրը, քանի որ Ստեփանակերտի բնակչությունը շատացել է, հետևաբար շատացել է նաև ջրի ծախսը»,- բացատրում է փոխքաղաքապետը։

Հարցին, թե հնարավո՞ր է պատերազմի հետևանք է Ստեփանակերտի խմելու ջրի սակավությունը, փոխքաղաքապետի պատասխանը բացասական է․ «Չէ՛, ինչ եք ասում, ջրի խնդիրը երևի միակ խնդիրն է, որ պատերազմի հետևանքների հետ կապ չունի։ Վերջին երեք-չորս տարիներին միշտ էլ նման խնդիր առաջանում էր»։

Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ Ադրբեջանը փակի Ստեփանակերտի ջրի սնուցման աղբյուրները, ինչի պատճառով ջրի ճգնաժամ է առաջացել մայրաքաղաքում։ Ի պատասխան Աբրահամյանն ասում է, որ Ադրբեջանը կարող է նման բան անել, բայց այս պահին նման բան չկա։ «Ադրբեջանի կողմից խոչընդոտներ չկան։ Ջրի պակասի պատճառն աննախադեպ շոգերն են»,– ընդգծում է Աբրահամյանը։

Նրա խոսքով` ադրբեջանական կողմը ոչ մի բան չի կարող անել, քանի որ պոմպը չեզոք գոտում է` ինչքան ադրբեջանական կողմի, այնքան էլ` հայկական կողմի վերահսկողության ներքո։ Ըստ Աբրահամյանի, եթե պոմպի տարածքում ինչ–որ աշխատանքներ կատարելու խնդիր առաջանա, ապա խաղաղապահների միջոցով պետք է արվի։


Նա նաև նշում է, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և շահագրգիռ բոլոր կառույցներն այժմ ձեռնարկում են բոլոր միջոցները՝ ջրի հետ կապված խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:

«Խնդրի վերջնական լուծումը կախված է եղանակային պայմաններից, հեսա անձրևներ լինեն՝ խնդիրը կլուծվի։ Ներկա պահին հույսը անձրևն է։ Հիմա մի ժամով էլ անձրև գա, խնդիրը լուծվելու է»,- ասում է նա։

Այդուհանդերձ, եթե նման իրավիճակը տևական եղավ, փոխքաղաքապետի խոսքով, արտեզյան հորերի հետ կապված ծրագրեր պետք է իրականացվեն, որպեսզի բնակչությունն ապահովվի ջրով։

Նկատենք, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը օգոստոսի 9-ին այս խնդրով աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել։

«Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ»,- նշվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am