Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ հայկական ուղղաթիռը խոցելու հրամանը տրվել է նախօրոք

Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ հայկական ուղղաթիռը խոցելու հրամանը տրվել է նախօրոք
Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ հայկական ուղղաթիռը խոցելու հրամանը տրվել է նախօրոք

Razminfo.am-Ադրբեջանի ՊՆ «Azərbaycan ordusu» (Ադրբեջանական բանակ) պաշտոնաթերթի նոյեմբերի 19-ի համարում լույս է տեսել նույն ամսվա 12-ին հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռը խոցած զինծառայող Իլքին Մուրադովի հետ հարցազրույցը, որում վերջինս ներկայացրել է մի շարք մանրամասներ՝ կապված առաջնագծում գրանցված միջադեպի հետ։

Պետք է նշել, որ Մուրադովի խոսքերը մի շարք տեղերում չեն համապատասխանում իրադարձությունների այն հաջորդականությանն ու պատկերին, որոնք հնարավոր է տեսնել ուղղաթիռի խոցման տեսանյութում, որն, ի դեպ, նկարահանվել է հենց նույն հենակետից, որտեղից Մուրադովն արձակել է հակաօդային հրթիռը։

Այդուհանդերձ, Մուրադովի վկայությունը կներկայացնենք այնպես, ինչպես տպագրվել է պաշտոնաթերթում, որից հետո միայն կանդրադառնանք անհամապատասխանություններին։

«Միջադեպից 3 օր առաջ մենք հեռադիտակով նկատեցինք հակառակորդի ուղղաթիռը, որը շատ մոտ էր թռչում մեր դիրքերին։ Առջևում գտնվող լեռան ստորոտից թռավ դեպի թշնամու վարժանքների շտաբ, ինչից հետո կրկին վերադարձավ։ Իսկ նոյեմբերի 12-ին ուղղաթիռները թռչում էին ուղիղ մեր դիրքերի ուղղությամբ։ Ես մարտական լրիվ պատրաստության վիճակում էի։ Մենք նախ հեռվից լսեցինք մեզ մոտեցող ուղղաթիռների ձայնը, որից հետո հեռադիտակի միջոցով երկնքում տեսանք դրանք՝ փոքր սև կետերի տեսքով։ Երկու Մի-24 ուղղաթիռ թռչում էր ուղիղ մեր վրա: Անմիջապես հաղորդեցինք այդ մասին հրամանատարական կետ, որտեղից ստացանք հրաման՝ ոչնչացնել ուղղաթիռները, եթե դրանք մուտք գործեն մեր հենակետի պատասխանատվության հատված, խախտեն օդային սահմանը։ Ուղղաթիռները մոտենալավ մեր դիրքերին կրակ բացեցին ու սկսեցին հարվածել մարտական հենակետերին։ Առաջնագծում տեղակայված մեր զինծառայողները ևս ավտոմատներից ու գնդացիրներից կրակ բացեցին թշնամու տեխնիկայի ուղղությամբ ու այդ պահին դրանք փոխեցին թռիչքի ուղղությունը դեպի ձախ։ Ես նշանոցի մեջ վերցրեցի հետևից թռչող ուղղաթիռն ու խոցեցի այն»։

Նշենք, սակայն, որ համացանցում հայտնված և հայկական օդուժի ուղղաթիռի խոցումը պատկերող տեսանյութից հստակ կարելի է պնդել հետևյալը. ուղղաթիռների երկյակն ադրբեջանական դիրքերը չեր գրոհում, չեր թռչում «ուղիղ այն դիրքի վրա», որտեղից կրակել է Մուրադովը՝ հակառակ իր պնդումներին, և վերջապես, տեսանյութում ուղղաթիռի խոցմանը նախորդող 30 վայրկյանների ընթացքում հրաձգային զենքի կիրառման որևէ ձայն չի լսվում, ինչը կրկին վկայում է, որ սերժանտը սուտ է խոսում, իսկ նրա ներկայացրած «փաստերը» միտված են արդարացնելու ադրբեջանական կողմի գործողությունները։

Բացի այդ, հայկական կողմը նշել է, որ խոցված ուղղաթիռի վրա բացակայում էր սպառազինությունը և տեղանքի զննումն ու բեկորների ուսումնասիրությունը կարող են ապացուցել դա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, ադրբեջանական բանակի զինծառայողը Աղդամի շրջանում խոցել էր հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվեցին անձնակամզի 3 անդամները։ ՀՀ ՊՆ-ն միջադեպը մեկնաբանելիս հայտնեց, որ «աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար կլինեն շատ ցավոտ»։

Ավելի ուշ՝ նոյեմբերի 14-ին, միջադեպը մեկնաբանել էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով հայտարարել էր՝ հարևան ադրբեջանցիների լկտի պահվածքին համարժեք կամ մի քիչ էլ անհամաչափ պատասխան անկասկած տրվելու է։